Պագանինիի ողբերգական մահն ու նրա իսկ հորինած մարկետինգային քայլի ազդեցությունը ...
Երաժշտության պատմության մեջ թերևս չի եղել ավելի խորհրդավոր, չարագուշակ ու միաժամանակ գրավիչ կերպար, քան Նիկոլո Պագանինին։ XIX դարի հասարակ մարդիկ անկեղծորեն հավատում էին, որ մարդն ի վիճակի չէ լարերով փայտե մի արկղից այդքան աստվածային և միաժամանակ սարսափազդու հնչյուններ կորզել՝ առանց գերբնական ուժերի օգնության։ Նրան անվանում էին «սատանայի ջութակահար», բայց այդ առեղծվածային դիմակի հետևում թաքնված էր խոր անձնական ողբերգություն ապրած մի մարդ, որը փառքի բարձունքներին հասավ ֆիզիկական ցավի, միայնության և տաժանակիր աշխատանքի շնորհիվ։
Նիկոլո Պագանինին ծնվել է 1782 թվականի հոկտեմբերի 27-ին Ջենովայում, աղքատ, բազմազավակ ընտանիքում։ Նրա հայրը՝ Անտոնիո Պագանինին, նավահանգստում մանր առևտրով զբաղվող մարդ էր, որը խելագարի պես սիրում էր երաժշտությունը և ապարդյուն փորձում էր մանդոլին նվագել։ Փոքրիկ Նիկոլոյի բացարձակ լսողությունը նկատելով՝ հայրը որոշեց որդու միջոցով իրագործել սեփական չիրականացած հավակնությունները։
Դաստիարակության մեթոդները խիստ էին, եթե չասենք՝ դաժան։ Անտոնիոն փոքրիկ, հիվանդոտ տղային փակում էր մութ շինության մեջ և ստիպում օրական 12-15 ժամ փորձեր անել։ Ամենափոքր սխալի կամ հոգնածության համար երեխային զրկում էր սննդից։ Ընտանեկան այս բռնությունը վերջնականապես խարխլեց Նիկոլոյի առանց այդ էլ թույլ առողջությունը, բայց միաժամանակ նրա մեջ ձևավորեց կատարողական աներևակայելի, գրեթե մոլեռանդ կարգապահություն։ Արդեն ութ տարեկանում նա սեփական սոնատներ էր գրում, որոնք շփոթեցնում էին նույնիսկ հասուն երաժիշտներին։
Երբ Պագանինին մեծացավ և սկսեց համերգային շրջագայություններ կատարել, նրա հայտնվելը բեմում ցնցող ազդեցություն էր թողնում։ Նա մահվան պես գունատ էր, ուներ փոս ընկած այտեր, երկար, խառնված մազեր և սուր, տենդագին հայացք։ Բայց ամենից շատ ապշեցնում էին նրա ձեռքերը՝ անբնականորեն երկար, բարակ, «սարդանման» մատներով, որոնք ծալվում էին ամենաանհավանական ուղղություններով։ Մաեստրոն կարողանում էր ձեռքի դիրքը չփոխելով այնքան լայն բացել մատները, որ ծածկեր միանգամից չորս օկտավա՝ ջութակի կոթի վրա կատարելով անհավանական թռիչքներ։
Ժամանակակից բժշկությունը վաղուց ի վեր փորձել է բացատրել այդ «սատանայականությունը»։ Այսօրվա գիտելիքների հիման վրա որոշ պատմաբաններ և կենսագիրներ ենթադրում են, որ Պագանինին տառապել է Մարֆանի համախտանիշով՝ շարակցական հյուսվածքի հազվագյուտ գենետիկ հիվանդությամբ։ Ըստ այդ վարկածի բնածին առանձնահատկությունները նրան օժտել են հոդերի արտասովոր ճկունությամբ։ Այն, ինչ հանդիսատեսը համարում էր սատանայի դրոշմ, հնարավոր է ֆիզիկական լուրջ խնդիր էր, որը մաեստրոն կարողացել էր վերածել իր գլխավոր առավելության։
Պագանինին արմատապես փոխեց ջութակ նվագելու տեխնիկան՝ իր ժամանակից տասնամյակներով, նույնիսկ դարերով առաջ անցնելով։ Նա լայն տարածում գտնել տվեց ֆլաժոլետների վիրտուոզ կիրառմանը, ձախ ձեռքով պիցցիկատո նվագելուն և մեկ լարի վրա կատարումներին, հատկապես՝ ցածր հնչողությամբ «սոլ» լարին։ Երբ նրա համերգների ժամանակ խելահեղ տեմպի պատճառով լարերը կտրվում էին, հանդիսատեսը քարանում էր սարսափից, իսկ մաեստրոն ժպիտով շարունակում էր կատարել բարդագույն հատվածները մնացած լարերի վրա։ Քչերը գիտեին, որ, ըստ տարածված պատմությունների, Պագանինին համերգից առաջ միտումնավոր վնասում էր լարերը՝ տեխնիկական անսարքությունը վերածելով մեծ շոուի բաղադրիչի։
Նիկոլո Պագանինին բնազդաբար հասկացել էր շոու-բիզնեսի օրենքները դրա պաշտոնական ի հայտ գալուց մեկուկես դար առաջ։ Նա չէր շտապում հերքել իր՝ սատանայի հետ կապի կամ իբր սիրելի կնոջ սպանության համար բանտարկված լինելու մասին լուրերը, թեև վերջին պատմության համաձայն՝ նա իբր սպանված կնոջ ջլերից ջութակի լարեր էր պատրաստել։ Սև թիկնոցը, խորհրդավոր կառքով հայտնվելը, մթությունից բեմ դուրս գալը և իր շուրջը ստեղծված առեղծվածը հանճարեղ մարքեթինգի մաս էին կազմում։ Նրա համերգների տոմսերն աներևակայելի թանկ էին, և նա դարձավ չափազանց հարուստ։ Սակայն իր իսկ ստեղծած առասպելը, ի վերջո, շրջվեց իր դեմ։
Կյանքի վերջին տարիներին մաեստրոյի առողջությունն ամբողջովին դավաճանեց նրան։ Կոկորդի տուբերկուլյոզը նրան զրկեց ձայնից։ Կյանքի վերջին ամիսներին Պագանինին որդու հետ հաղորդակցվում էր միայն գրավոր՝ փոքրիկ գրություններ փոխանցելով նրան։ Մեծ ջութակահարը մահացավ Նիցցայում՝ 1840 թվականի մայիսի 27-ին։
Մահից առաջ ուժեղ հազի պատճառով նա չկարողացավ ընդունել պատարագի խորհուրդը՝ այն մատուցելու եկած հոգևորականից։ Ըստ պատմության՝ նա միայն դժգոհությամբ ձեռքով արեց՝ հեռացնելով նրան։ Եկեղեցին դա համարեց Աստծուց գիտակցված հրաժարում։ Նիցցայի եպիսկոպոսն արգելեց Պագանինիին թաղել օծված հողում։
Մաեստրոյի հետմահու ճակատագիրն ավելի սարսափելի էր, քան ցանկացած հորինված պատմություն։ Նրա որդին՝ Աքիլլեն, տասնամյակներ շարունակ հսկայական գումարներ ծախսեց դատական պայքարի վրա՝ փորձելով հորն արժանացնել պատշաճ հուղարկավորության։ Մեծ երաժշտի դագաղը ավելի քան 30 տարի տեղափոխվում էր Եվրոպայով մեկ։ Այն պահում էին խոնավ նկուղներում, տեղափոխում լքված կղզիներ, գաղտնի թաղում մասնավոր կալվածքների այգիներում։ Միայն 1876 թվականին՝ մահից 36 տարի անց, Հռոմի պապի անձնական միջամտությունից հետո, Նիկոլո Պագանինիի աճյունը վերջնական հանգրվան գտավ Պարմայի գերեզմանատանը։
Նիկոլո Պագանինիի կյանքը պատմություն է հասարակության՝ սովորական պատկերացումներից դուրս գտնվող երևույթների հանդեպ հավերժական վախի մասին։ Բոլոր ժամանակներում մարդկանց համար ավելի հեշտ է եղել հավատալ խորհրդավոր գործարքին, կախարդանքին կամ գերբնական միջամտությանը, քան ընդունել, որ մարդկային ոգին տաժանակիր աշխատանքի ու ցավի միջոցով կարող է հաղթահարել ֆիզիկական սահմանափակումները։
Պագանինին իր հոգին խավարին չէր վաճառել։ Նա իր տանջված մարմինն ամբողջությամբ նվիրել էր արվեստին։ Եվ այստեղ սատանան կապ չուներ։ Սա մարդկային կամքի մաքուր, բացարձակ ու սարսափազդու կախարդանքն էր, որը շարունակում է հնչել նրա հանճարեղ կապրիսների յուրաքանչյուր նոտայում…


















































Սևան Ազգային պարկի տնօրենի անհեթեթ բնապահպանական գյուտը
Հոկտեմբերի 24-ից Երևան-Կապան-Երևան թռիչքները կդադարեցվեն
Նարեի ու իմ մյուս երեխաների դասերի ու խմբակների ծնողական ժողովներին հազվադեպ եմ հանդիպում հայրերի. Վ...
Երևան–Աշտարակ ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթшրից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամ...
ՌԴ Պետդումա է ներկայացվել աշխատանքային միգրանտների ընտանիքի անդամների մուտքը կարգավորելու մասին օրին...
Ինչո՞ւ են կանայք գինեկոլոգի այցելությունը և դաշտանադադարի հաղթահարման շրջանը բժշկին վստահելը դարձն...
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ՝ ողբերգական վթարից
Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը նոր պաշտոն ունի
Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորություն
Հրապարակվել են քվեարկության նախնական արդյունքները․ թարմացված