Իշխանությունների հերթական անհաշվարկ խաղն ու ժողովրդի մութ ու ցուրտ տարիների վերադարձի հավանականությունը
Իշխանական լրատվամիջոցներին հարցազրույց տված Գագիկ Մելքոնյանը հայտարարում է, որ գազի գնի թանկացումից հետո Հայաստանը պետք է մտածի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին։
Օրեր առաջ էլ իրեն քաղաքագետ հռչակած Ազատ Արշակյանն էր Ռուսաստանին 15 րոպե ժամանակ տալիս գազատարները հավաքելու և հեռանալու համար։ Թե այդ 15 րոպեն ինչպես էր հաշվարկել, ի՞նչ պետք է աներ Հայաստանը դրանից հետո և ինչո՞վ էր տաքացնելու սեփական տները, թերևս, մնում է հռետորական հարցերի շարքում։
Հակառուսական տրամադրություններ տարածելը, Ռուսաստանից հեռանալու կոչեր անելը, ԵԱՏՄ-ից դուրս գալու հեռանկարներով ոգևորելը հեշտ է, հատկապես երբ դրա գինը վճարելու է ոչ թե բարձրագոչ հայտարարություններ անողը, այլ սովորական քաղաքացին։
Նման հայտարարությունների լսարանն էլ մի պահ սպառում է այդ ամենը։ Մինչև ճոխ բառերը, օդում կախված խոստումներն ու աշխարհաքաղաքական մեծ խաղերի մասին ճառերը բախվում են շատ ավելի պարզ իրականության ձմռան, ցրտի, ջեռուցման վճարների ու դատարկ գրպանի հետ։
Որովհետև գազատարները հավաքելու մասին խոսելը մի բան է, իսկ հետո սեփական տան մեջ տաք մնալը բոլորովին այլ։ Քաղաքական ճառերով տուն չես տաքացնի, իսկ հայրենասիրական կարգախոսներով գազի հաշիվ չես մուծի։ Ժողովուրդը դեռ տաք է ,չի նկատում որ քիչ֊քիչ վերադառնում է 90֊ականների մութ ու ցուրտ տարիներին։
Եթե 90-ականներին մութ ու ցուրտ տարիների համար գոնե պատերազմն էր արդարացում, ապա այսօր, երբ խոսում ենք «խաղաղության» մասին, նույն հեռանկարի հետ խաղալը մեղմ ասած անհանգստացնող է։ Խաղաղությունն ի՞նչ արժեք ունի, եթե դրա մասին խոսում ենք միայն քաղաքական հարթակներում, իսկ կենցաղային իրականության մեջ մարդը ստիպված է մտածել, թե ձմռանն ինչպես է տաքանալու։
Իհարկե, ոչ ոք չի ասում, որ Հայաստանը չպետք է պաշտպանի իր շահերը, չպետք է բանակցի գազի գնի շուրջ կամ չպետք է վերանայի իր տնտեսական հարաբերությունները։ Բայց մի բան է պետական շահի սթափ հաշվարկը, մեկ այլ բան քաղաքական էյֆորիայի մեջ մի ամբողջ երկիր անորոշության առաջ կանգնեցնելը։ Մինչև որևէ տնտեսական կառույց լքելու կամ ռազմավարական գործընկերոջ հետ հարաբերությունները կտրուկ փոխելու կոչեր անելը պետք է պատասխանել ամենակարևոր հարցերին՝ ի՞նչ ենք շահելու, ի՞նչ ենք կորցնելու, ինչո՞վ ենք փոխարինելու եղածը, և ո՞վ է վճարելու դրա գինը։
Քաղաքականությունը «դե, թող գնան» ասելով չի արվում։ Պետությունը մեկնաբանությունների դաշտ չէ, որտեղ այսօր մի բան ես հայտարարում, վաղը հակառակը, իսկ դրա հետևանքների համար պատասխանատվություն չի կրում ոչ ոք։
Եվ այստեղ մի հարց էլ կա. իսկ մենք խաղաղություն միայն Ադրբեջանի՞ հետ ենք ցանկանում։ Իսկ տնտեսական կայունությո՞ւնը, էներգետիկ անվտանգությո՞ւնը, ձմռանը տաք տանը ապրելու հնարավորությո՞ւնը մեր պատկերացրած խաղաղության մաս չեն։
Եթե իսկապես ուզում ենք անկախ ու ինքնիշխան պետություն ունենալ, ապա պետք է կարողանանք մեր որոշումների հետևանքները հաշվարկել, այլ ոչ թե անկախությունը շփոթել բոլոր կամուրջներն այրելու հետ։ Ինքնիշխանությունը ոչ թե բարձրաձայն հակառուսական հայտարարություններ անելն է, այլ սեփական երկրի համար շահավետ որոշումներ կայացնելը առանց արտաքին որևէ կենտրոնի կամ ներքին քաղաքական ամբիոնի թելադրանքով առաջնորդվելու։
Հակառուսական տրամադրություններ տարածելը դեռ քաղաքական ծրագիր չէ։ Ռուսաստանից հեռանալու կոչն էլ ինքնին լուծում չէ։ Լուծում է այն ծրագիրը, որի հեղինակը կարող է ժողովրդին բացատրել դրանից հետո ինչ է լինելու իր աշխատավարձի, կոմունալ վճարների, տնտեսության ու ձմեռվա հետ։
Իսկ եթե այդ հարցերին պատասխան չկա, ապա գազատարները հավաքելու մասին ճառերը մնում են ընդամենը ճառեր։
Եվ ամենավերջում մի տխուր իրականության հետ էլ հավանականություն ունենք բախվելու , Ռուսաստանից ազատվելու էյֆորիան աննկատ է թողնում Թուրքիայից կախվածության մեջ ընկնելու տեսանելի փաստը ։
Ու այդ փաստը չեն թաքցնում նաև պետական ատյաններում ,ամեն օր Թուրքիայում տնտեսական հնարավորություններ փնտրելու իրենց գործունեությունը լուսաբանելով ։
Այդուհանդերձ աշխարհաքաղաքական խաղերում կարելի է շատ բան ասել, բայց ցրտի մեջ մնացած քաղաքացուն ոչ մի ճառ չի տաքացնելու։ Իսկ այլընտրանքային երկիրը միայն միջնորդ է լինելու Հայաստանի և ՌԴ գազի առևտրի համար։
Արմինե Մելքոնյան


















































Բժշկությո՞ւն, թե՞ մարքեթինգ․ ինչ է իրականում վաճառվում Թուրքիայում՝ «շաքարային դիաբետի վիրահատությու...
Հոկտեմբերի 24-ից Երևան-Կապան-Երևան թռիչքները կդադարեցվեն
Սևան Ազգային պարկի տնօրենի անհեթեթ բնապահպանական գյուտը
Կրակոցներ Աշտարակում․ սպանվել է Արմավիրի մարզի բնակիչ Ծերուն Հարությունյանը․ նոր մանրամասներ․ «Իշխան...
ՌԴ Պետդումա է ներկայացվել աշխատանքային միգրանտների ընտանիքի անդամների մուտքը կարգավորելու մասին օրին...
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ՝ ողբերգական վթարից
Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը նոր պաշտոն ունի
Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորություն
Հրապարակվել են քվեարկության նախնական արդյունքները․ թարմացված
Մոսկվան՝ հնարավորությունների և դժվարությունների միջև․ հայ ընտանիքի պատմությունը