Թուրքով վախեցնելը, հերոսների նկարներն ու ընդդիմության պարտությունը․ ո՞ր պահին սպառվեց հին քաղաքականությունը
Ընդդիմությունը դեռ վախեցնում է թուրքով, իսկ ընտրողն արդեն ուրիշ հարցեր է տալիս։
Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններից հետո ընդդիմությունը կանգնած է մի հարցի առաջ, որին դժվար է պատասխանել հերթական ասուլիսով կամ իշխանության հասցեին հերթական մեղադրանքով․ եթե հասարակության մեջ դժգոհություն կա, ապա ինչո՞ւ այդ դժգոհությունը չի վերածվում ընդդիմության օգտին քվեի։
Հայաստանում տարիներ շարունակ քաղաքական պայքարի կարևոր բաղադրիչներից մեկը եղել է անվտանգության վախը։ Թշնամու վտանգը, պատերազմի հավանականությունը, ազգային արժանապատվության թեմաները կարող էին դառնալ ընտրողի որոշման կենտրոնական գործոններ։
Հերոսների նկարների շուրջ վեճերը ևս հաճախ ներկայացվել են որպես ազգային հիշողության և իշխանության վերաբերմունքի վճռորոշ քննություն։ Բայց քաղաքականության մեջ մի վտանգավոր սխալ կա, կարծել, թե եթե որևէ թեմա մեզ համար բարոյապես կարևոր է, ապա այն պարտադիր պետք է ընտրական արդյունք ապահովի։
Մարդուն կարելի է վախեցնել, զայրացնել, վիրավորել, բայց դրանից դեռ չի հետևում, որ նա քեզ կընտրի։
Ընդդիմությունը կարող է իրավացիորեն քննադատել իշխանությանը անվտանգության, հիշողության կամ պետական կառավարման հարցերում, բայց եթե չի ներկայացնում համոզիչ այլընտրանք, քննադատությունը մնում է քննադատություն։
Ընտրողը կարող է չհավանել իշխանությանը, բայց նաև չվստահել ընդդիմությանը։ Կարող է ցավ ապրել հերոսների հիշատակի շուրջ վեճերից, բայց միաժամանակ առաջնահերթ համարել իր ընտանիքի տնտեսական վիճակը։ Կարող է վախենալ պատերազմից, բայց չհավատալ, որ իշխանափոխությունն ինքնաբերաբար կբերի անվտանգություն։
Այս հակասությունները հասկանալու փոխարեն ընդդիմությունը երբեմն շարունակում է խոսել այնպես, կարծես հասարակությունը պարտավոր է արձագանքել նույն հուզական կոճակներին, որոնք նախկինում աշխատել են։
Բայց հին կոճակը միշտ չէ, որ նոր արդյունք է տալիս։ Ընդդիմության առաջին սխալը դժգոհությունը վստահության տեղ ընդունելն է։ Իշխանությունից դժգոհ լինելը և ընդդիմությանը վստահելը երկու տարբեր բան են։ Քաղաքացին կարող է դժգոհ լինել կառավարությունից, բայց հիշել նախորդ իշխանությունների սխալները, չընդունել ընդդիմադիր առաջնորդների քաղաքական անցյալը կամ պարզապես չհավատալ նրանց խոստումներին։
Եթե ընդդիմությունը յուրաքանչյուր պարտությունից հետո միայն հայտարարում է, որ ժողովուրդը խաբվել է, վախեցել է կամ չի հասկացել իրականությունը, ապա այն իրեն ազատում է սեփական սխալները վերլուծելու պարտականությունից։
«Մեղքը հայելու մեջ փնտրելու» մասին ժողովրդական միտքը հենց այստեղ է տեղին։ Քաղաքական ուժը պետք է հասկանա ինչո՞ւ իր առաջարկը համոզիչ չի եղել, ինչո՞ւ իր թեկնածուն վստահություն չի ներշնչել, ինչո՞ւ իր կազմակերպչական աշխատանքը բավարար չի եղել։
Երկրորդ սխալը , փողոցային աղմուկը քաղաքական աշխատանքի տեղ դնելն էր։
Քաղաքական պայքարը չի սկսվում ընտրությունների նախօրեին և չի ավարտվում դրանց հաջորդ օրը։
Եթե ուժը տարիներով չի աշխատում համայնքներում, չի լսում բնակիչներին, չի ձևավորում տեղական թիմեր և չի առաջարկում լուծումներ, ապա ընտրությունների օրը միայն իշխանության սխալները թվարկելը հազիվ թե բավարար լինի , ու բավարար չլինելուն զուգահեռ կարող են կորցնել նաև նախկինում ունեցած հնարավորությունները , Վարդենիսի և Գորիսի թեկնածուներին կորցնելը վկա ։
Երրորդ սխալը անվտանգության թեման առանց լուծման ներկայացնելն է։
Թուրքով վախեցնելը չի կարող փոխարինել անվտանգության ծրագրին։ Հերոսների նկարների շուրջ վեճը չի կարող փոխարինել պատասխանատվության հստակ պահանջին։ Ազգային արժանապատվության մասին խոսքը չի կարող փոխարինել պետական կառավարման իրատեսական առաջարկին։
Եթե ընդդիմությունը պնդում է, որ իշխանությունը վտանգավոր քաղաքականություն է վարում, ապա պետք է բացատրի,թե ինչպիսի՞ քաղաքականություն է առաջարկում ինքը, ինչպե՞ս է այն իրականացնելու, ինչպիսի՞ ռիսկեր կան և ինչպե՞ս է դրանք կառավարելու։
Հակառակ դեպքում ընտրողը լսում է միայն վտանգի մասին, բայց չի տեսնում ելքը։
Չորրորդ սխալը ընտրողին մեղադրելն այն բանի համար, որ ինքը չի ընտրել քեզ դարձյալ զավեշտալի է ։
Ընդդիմության համար ամենահեշտ բացատրությունը կարող է լինել այն, որ ընտրողը վախեցել է, ընտրակաշառք է վերցնել կամ ասֆալտով է բավարարվել։ Նման դեպքեր կարող են լինել, և ընտրական խախտումների մասին հաղորդումները պետք է քննվեն։ Բայց դրանք չեն կարող առանց ապացույցների դառնալ բոլոր պարտությունների համընդհանուր բացատրությունը։
Քաղաքացին իրավունք ունի չընտրել ընդդիմությանը։ Այդ իրավունքը չի վերանում նույնիսկ այն դեպքում, երբ ընդդիմությունը համոզված է, որ ինքն ավելի ճիշտ է։
Քաղաքական ուժը պետք է կարողանա պատասխանել ոչ միայն «ինչո՞ւ ընտրեցին նրանց», այլև «ինչո՞ւ մեզ չընտրեցին» հարցին։
Եվ գուցե հենց այստեղ է այս ընտրությունների հիմնական դասը։ Հասարակությանը նույն վախերով դիմելը, նույն խորհրդանիշները կրկին ու կրկին առաջ բերելը և իշխանության յուրաքանչյուր սխալը սեփական հաղթանակի կանխավարկած համարելը քաղաքական ռազմավարություն չէ։
Ընտրողը պարտավոր չէ ընտրել ընդդիմությանը միայն այն պատճառով, որ ընդդիմությունը դժգոհ է իշխանությունից։
Եթե ընդդիմությունը ցանկանում է փոխել ընտրական պատկերը, պետք է փոխի ոչ թե միայն կարգախոսները, այլև աշխատանքի ձևը՝ համայնքներում ներկայություն, վստահելի թեկնածուներ, հաշվարկված ծրագրեր և սեփական սխալների ընդունման պատրաստակամություն։
Որովհետև քաղաքականության մեջ «ժողովուրդը մեզ չհասկացավ» արտահայտությունը կարող է մեկ անգամ արդարացում լինել։ Բայց եթե այն կրկնվում է ամեն պարտությունից հետո, գուցե խնդիրը ոչ թե ժողովրդի ընկալման, այլ քաղաքական ուժի՝ իրեն հասկանալի դարձնելու անկարողության մեջ է։
Արմինե Մելքոնյան


















































Բժշկությո՞ւն, թե՞ մարքեթինգ․ ինչ է իրականում վաճառվում Թուրքիայում՝ «շաքարային դիաբետի վիրահատությու...
Հոկտեմբերի 24-ից Երևան-Կապան-Երևան թռիչքները կդադարեցվեն
Սևան Ազգային պարկի տնօրենի անհեթեթ բնապահպանական գյուտը
Կրակոցներ Աշտարակում․ սպանվել է Արմավիրի մարզի բնակիչ Ծերուն Հարությունյանը․ նոր մանրամասներ․ «Իշխան...
ՌԴ Պետդումա է ներկայացվել աշխատանքային միգրանտների ընտանիքի անդամների մուտքը կարգավորելու մասին օրին...
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ՝ ողբերգական վթարից
Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը նոր պաշտոն ունի
Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորություն
Հրապարակվել են քվեարկության նախնական արդյունքները․ թարմացված
Մոսկվան՝ հնարավորությունների և դժվարությունների միջև․ հայ ընտանիքի պատմությունը