Մոսկվայում մահացել է Գրիգորի Արկադևիչ Գաբրիելյանցը
Ցավալի լուր Մոսկվայից՝ մահացել է Գրիգորի Արկադիևիչ Գաբրիելյանցը:
Նրա մասին կարելի է առանձին գիրք գրել ու դեռ կգրվի: Միայն նրա կենսագրության կետերը թվարկելը հերիք է՝ հասկանալու համար, թե ինչ փառավոր ճանապարհ է անցել մեր նշանավոր հայրենակիցը՝ հասնելով Խորհրդային Միության Երկրաբանության նախարարի պաշտոնին: Բայց, ինչպես ինքն էր ասում, իր ամենամեծ բարձունքը վերադարձն էր արմատներին: Իսկ արմատներին վերադառնալու համար նա 70 և ավելի տարիներ մտքում և սրտում պահել էր իր պապիկի (Ապերի) խոսքը. «Բալիկ ջան, չմոռանաս, մենք ղարաբաղցի ենք»: Այս պատգամը նրան մղեց շատ կարևոր որոշման՝ թողնել Մոսկվայի կյանքը, բիզնես ծրագրերը Ռուսաստանում և արտերկրում ու տեղափոխվել Ստեփանակերտ: Արցախում նրան հյուրընկալելու և համապատասխան պայմաններ առաջարկելու գործը ստանձել էր անձամբ նախագահ Բակո Սահակյանը:
Ու սկսվեց մի նոր փուլ Գրիգորի Գաբրիելյանցի կյանքում. իր մասնագիտական կարողություններից բացի նա ակտիվ մասնակցություն ստանձնեց Արցախի Հանրապետության գիտական, կրթական, մշակութային ու զբոսաշրջային ծրագրերում: Շուշիում նրա անմիջական նախաձեռնությամբ բացվեցին Կերպարվեստի, Քանդակների և Երկրաբանության թանգարանները, որի ցուցանմուշների մեծ մասը նա անձամբ էր գնում կամ նվեր ստանում արտերկրում ապրող մեր հայրենակիցներից ու ոչ միայն: Արցախի Նախագահի գլխավոր խորհրդականի կարգավիճակում նա բազմաթիվ պաշտոնական և ոչ պաշտոնական պատվիրակություններ էր ընդունում Շուշիում կառուցած իր հրաշալի տանը:
Իր հայրենի երկրամասում կրթությունը խրախուսելու նպատակով Գրիգորի Արկադիևիչը բազմաթիվ մասնավոր պրոեկտներ և օժանդակություններ է կազմակերպել Ասկերանի շրջանի Խանցք գյուղում, Մարտունու շրջանի Հացի գյուղում, իսկ 2020թ. պատերազմից 10 օր առաջ հանդիսավորությամբ բացեց սեփական միջոցներով լրիվ վերանորոգված ու կահավորված Ջիվանի գյուղի դպրոցը: Իր ստեղծած «Ապագա սերունդների հիմնադրամ»-ով պրոֆեսոր Գաբրիելյանցը Նոր Տարվա հանդեսներ էր կազմակերպում Արցախի մանկապարտեզների, դպրոցների և մանկատան սաների համար: Վերակառուցված Արցախի Պետական Համալսարանում նա իր միջոցներով վերանորոգում և կահավորում է Երկրաբանության կաբինետը, որ կոչվեց իր անունով: Այս թվարկած գործերը միայն երևացող ծրագրերն էին, իսկ ավելի շատ նա աշխատել ու արարել է առանց գովազդի՝ ժամանակ գտնելով նաև առանձին արցախցիների խնդիրների լուծման համար:
2020թ. ավերիչ պատերազմը շատ մեծ վնասներ է պատճառում նրա հեղինակած ծրագրերին, իսկ Շուշիում կատարված աշխատանքներն ավերվում են բարբարոսների կողմից: Չնայած ավելացող առողջական խնդիրներին, Գրիգորի Արկադիևիչը նորից վերադառնում է իր աշխատանքին և իր նախաձեռնություններով շարունակում մասնակցել Արցախի հետպատերազմյան վերականգնման ծրագրերին:
Նույնիսկ Մոսկվա տեղափոխվելուց հետո նրա հիմնական գործունեությունը շարունակում է կապված մնալ իր հայրենի հողի ու սիրելի ժողովրդի հետ: Կարելի է միայն պատկերացնել, թե ինչ հոգեբանական հարված էր նրա համար 2023թ. Արցախի հայաթափումը: Նա ինքն էր փնտրում և գտնում իրեն ծանոթ հայրենակիցներին, օգնում իրեն դիմած անծանոթ մարդկանց:
Թերևս գիտնականի կոչումը փրկություն դարձավ այդ փուլում, և 2025թ. Մոսկվայում հրատարակվեց Գ. Գաբրիելյանցի՝ «Ղարաբաղ. հիշողության էջերը» պակերազարդ գիրք-ալբոմը, որտեղ հեղինակը հավաքել էր հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը ձգվող Արցախի տարեգրությունը՝ հիմնական իրադարձություններն ու վկայությունները դասակարգելու միջոցով: Այդ գիրքը վերջերս մեծ տարածում է գտել նաև Երևանում՝ Գրիգորի Գաբրիելյանցի մեծ բարեկամ ու համախոհ Վիլհելմ Կարապետյանի ջանքերով (ցավոք, նա նույնպես վերջերս հրաժեշտ է տվել կյանքին): Շնորհակալ եմ Ճակատագրին, որ ինձ ծանոթացրել է Մեծ հայրենասերների հետ:
Գրիգորի Գաբրիելյանցի հետ պատիվ եմ ունեցել ընկերություն ու բարեկամություն անել 2009թ-ից, երբ առաջին անգամ հանդիպել ենք Մոսկվայում: Իսկ վերջին մեր հանդիպումը կայացել է այս տարվա մայիսի 10-12-ին, երբ մի փոքրիկ խմբով հրավիրված էինք Մոսկվայի հայկական եկեղեցական համալիրի տարածքում իր նախաձեռնությամբ հավաքագրված Արցախին նվիրված թանգարանային հատվածի բացմանը: Մենք վայելեցինք նրա ներկայությունն այդ օրերին և ստացանք հերթական քաջալերանքը՝ Արցախ ժողովրդի՝ հայրենիք վերադառնալու երազանքը պահելու և այն իրականություն դարձնելու դժվարին, բայց պահանջված գործի համար:
Այդ օրերին էլ Գրիգորի Գաբրիելյանցը շարունակում էր կրել իր պապիկի՝ «Բալիկ ջան, չմոռանաս, մենք ղարաբաղցի ենք» պատգամի հանձնառությունը: Աստված լույսերի մեջ և Արցախի երկնքում թող պահի հոգիդ, սիրելի Գրիգորի Արկադիևիչ:
Լուսանկարը արվել է 2021թ. մայիսին, միասին Գանձասար այցելելու ժամանակ
Ցավալի լուրը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը


















































Որ թիմերը կարող են դառնալ Հայաստանի հավաքականի մրցակիցները. հայտնի են Եվրո-2028-ի ընտրական փուլի բոլ...
ՌԴ-ում ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր
Ինչպե՞ս սնվել ձմռանը՝ պահպանելով վիտամինային հավասարակշռությունն ու իմունիտետը. Խորհուրդ է տալիս սնն...
Միգրանտների համար մեղմացումներ է առաջարկել Դմիտրի Մեդվեդևը
Դենիս Ջորկաեֆը՝ «Անգլիական թագուհի»․ ո՞վքեր են կանգնած նրա թիկունքում
Վանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, բախվել ծառերին. 5 վիրավորներից 2-ն անչափահաս են
Պայմանագրային զինծառայող է մահացել
Ինձ համար խաղաղության տեսլական չկա։ Ինձ համար կա ազգային արժանապատվության և ազգային պետականության հա...
30 տարի գործեց, 50 տարի լռեց, 2002-ից վերականգնեցինք․ ինչպես Մոսկվայում կազմավորվեց հայկական թատրոնը...
Սև ծովում Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիներով նավ է խորտակվել