Ինչպե՞ս սնվել ձմռանը՝ պահպանելով վիտամինային հավասարակշռությունն ու իմունիտետը. Խորհուրդ է տալիս սննդագետը
Ձմռան գալուն զուգահեռ փոխվում են նաև մեր կենցաղն ու սննդակարգը։ Եթե ամռանը կարող ենք մեզ թույլ տալ որոշակի շռայլություններ, ապա ձմռանը դրանց սահմանները հաճախ թելադրում են ջեռուցման ծախսերը։ Փոխվում է նաև մեր սեղանը․ մրգերի ու թարմ բանջարեղենի տեսականին և քանակը նվազում են՝ իրենց տեղը զիջելով ավանդական պահածոներին, թթուներին ու ձմեռային պաշարներին։
Ինչպե՞ս անցկացնել ձմեռը, պահպանել սննդակարգի հավասարակշռությունն ու ապահովել իմունային համակարգի բնականոն աշխատանքը նույնիսկ սահմանափակ հնարավորությունների պայմաններում։ Այս հարցերի պատասխանները փորձել ենք ստանալ սննդագետ Դավիթ Պիպոյանից։
– Ձմռանը ի՞նչ կարելի է ավելացնել սննդակարգում՝ վիտամինային հավասարակշռությունը պահպանելու և առողջ ապրելակերպի սկզբունքներից չշեղվելու համար։ Ո՞ր մթերքներն են առավել արդյունավետ այս սեզոնին։
– Ձմռանը Հայաստանում թարմ բանջարեղենն ու միրգը թանկանում են, և մարդիկ սկսում են ավելի քիչ օգտագործել դրանք։ Արդյունքում, ցավոք, սեղանին ավելանում են հացը, կարտոֆիլն ու յուղոտ ուտեստները։ Այստեղ հիմնական վտանգը միակողմանի սննդակարգն է։ Բայց լավ նորություն կա․ հայկական ավանդական ձմեռային սեղանը բավական հարուստ է, պարզապես պետք է կարողանալ ճիշտ օգտագործել դրա հնարավորությունները։
Եթե խոսենք վիտամին C-ի մասին, ապա մեր ամենաարժեքավոր ձմեռային մթերքներից են մասուրն ու չիչխանը։ Մասուրը խորհուրդ եմ տալիս չեռացնել, քանի որ երկարատև եռալու ընթացքում վիտամին C-ն քայքայվում է։ Ավելի լավ է այն թրմել։ Ձմռանը լավ ընտրություն են նաև կիվին, նուռը, մանդարինը, նարինջը, ինչպես նաև բնական խմորմամբ թթվեցված կաղամբն ու գազարը։
Վիտամին D-ն ձմռան ամենախոցելի կետերից է։ Նոյեմբերից փետրվար արևային օրերի և արևի ազդեցության տևողությունը նվազում է, իսկ Հայաստանում շատերի մոտ այս վիտամինի պակաս կա, որի մասին նրանք նույնիսկ չգիտեն։ Սննդակարգում պետք է ավելացնել ձուկ՝ կարմիր ձուկ, սիգ, սկումբրիա, ձու՝ հատկապես դեղնուցը, և կաթնամթերք։ Արևոտ օրերին ցանկալի է նաև կեսօրին զբոսնել դրսում։ Սակայն պետք է հասկանալ, որ միայն սննդի միջոցով վիտամին D-ի պակասը լրացնելը բավական դժվար է։
Մեր նախնիների ձմեռային պաշարները՝ չրերն ու ընկուզեղենը, նույնպես կարևոր տեղ ունեն սննդակարգում։ Ծիրանաչիրը, սալորաչիրն ու թուզը պարունակում են կալիում, բուսական երկաթ և սննդային մանրաթելեր, իսկ ընկույզը վիտամին E-ի և բուսական օմեգա-3-ի լավ աղբյուր է։ Սակայն չափը կարևոր է․ օրական կես բուռը բավարար է։ Չրերը սննդարար են, բայց նաև բավական կալորիական և շաքարով հարուստ, հատկապես եթե խոսքը ցուկատների մասին է։ Շուկայում ընտրելիս պետք է ուշադրություն դարձնել նաև արտաքին տեսքին․ չափազանց վառ ու փայլուն չրերը հաճախ մշակված են շաքարաջրով կամ ծծմբով։ Նախընտրելի են բնական, փոքր-ինչ մուգ գույնի չրերը, որոնք օգտագործելուց առաջ անհրաժեշտ է լավ լվանալ։
Ձմռանը պետք չէ թերագնահատել նաև տեղական բանջարեղենը։ Կաղամբը, ճակնդեղը, գազարը, դդումը, բողկը, սոխն ու սխտորը մատչելի են, երկար են պահպանվում և կարող են դառնալ մեր ամենօրյա սննդակարգի կարևոր մասը։
Մեծ նշանակություն ունեն նաև մածունը, թանը և բնական խմորմամբ պատրաստված թթուները։ Դրանք նպաստում են աղիքային միկրոֆլորայի առողջությանը, իսկ աղիների առողջությունը կարևոր դեր ունի իմունային համակարգի բնականոն աշխատանքի մեջ։ Միաժամանակ պետք է զգույշ լինել աղի օգտագործման հարցում, հատկապես եթե մարդն ունի բարձր զարկերակային ճնշում։
Չմոռանանք նաև ընդեղենի և ամբողջական հացահատիկի մասին։ Ոսպը, լոբին, սիսեռը, ձավարը և հաճարը հարուստ են B խմբի վիտամիններով, երկաթով, մագնեզիումով ու բուսական սպիտակուցով։ Օրինակ՝ մի աման ոսպապուրը ձմռան լավագույն ճաշատեսակներից է․ տաքացնող է, կշտացնող և մատչելի։
Իսկ մեր ավանդական խոտաբույսերը՝ ուրցը, անանուխը, լորենին, կարող են դառնալ ձմեռային հաճելի սովորություն։ Մեղրն էլ կարելի է օգտագործել, իհարկե, չափավոր։
– Իսկ ի՞նչ սովորություններից պետք է հրաժարվել կամ գոնե սահմանափակել ձմռանը։
– Պետք է ուշադրություն դարձնել հացի և աղի օգտագործմանը։ Սովորական հացի փոխարեն կարելի է նախապատվությունը տալ ամբողջահատիկ հացին՝ միաժամանակ նվազեցնելով քանակը։
Խաշը մեր ձմեռային ավանդույթներից է, բայց պետք է հիշել, որ այն հաճախ ուղեկցվում է մեծ քանակությամբ աղով, աղի լավաշով և ալկոհոլով։ Ալկոհոլի միջոցով տաքանալու գաղափարը նույնպես միֆ է։
Ուզում եք՝ քյավառցի լինեք, ուզում եք՝ սևանցի, հիշեք՝ մեկը լավ է, երկուսը՝ բավ է, բայց լավ իմացեք՝ երրորդը ցավ է,- իրեն բնորոշ հումորով եզրափակում է Դավիթ Պիպոյանը։
Ի վերջո, ձմռանը առողջ սնվելը պարտադիր չէ, որ թանկ արժենա։ Երբեմն ճիշտ ընտրված տեղական մթերքը, չափավորությունն ու սննդակարգի բազմազանությունը շատ ավելի կարևոր են, քան թանկարժեք սննդամթերքը։
Զրուցեց Արմինե Մելքոնյանը


















































«Բայազետ հոլլ»-ում հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթա...
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Որո՞նք են այն հիմնական նախանշանները, որոնց դեպքում մարդը պետք է դիմի բժշկի
Եթե Հայաստանում իրավիճակն իրոք այնքան լավ է, ինչպես ներկայացվում է, ապա ինչո՞ւ են հազարավոր հայեր գե...
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...
«Երևան ավտոբուսը»՝ 13 տարեկան անչափահաս աղջկան ավտոբուսից իջեցնելու դեպքի մասին
Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը
Ավտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդը
Մասիս Մելքոնյանին գաղտնալսե՞լ են