Քաղաքացիական պայմանագրի ներսում բոլորը վախի մեջ են, վստահ են իրենց էլ են գաղտնալսում
Հայաստանում կարծես ձևավորվում է մի վտանգավոր իրականություն․ պետական վերահսկողության տակ գտնվող տեղեկությունները կարող են հայտնվել հանրային դաշտում հենց այն ժամանակ, երբ դա ինչ-որ մեկին անհրաժեշտ է։ Խոսքը միայն հեռախոսային գաղտնալսումների մասին չէ։ Խոսքը տեսախցիկների, պետական կառույցների ներքին տեսագրությունների և անձնական տվյալների հասանելիության մասին է։
Մասիս Մելքոնյանի գործի շուրջ առաջացած հարցերը նորից ստիպում են խոսել գաղտնալսումների իրական նպատակների, դրանց թույլտվության և վերահսկողության մասին։ Սակայն խնդիրը շատ ավելի լայն է։
2026 թվականի հունիսի 14-ին հրապարակվեց «Զվարթնոց» օդանավակայանի ԱԱԾ սահմանային անցակետի տեսախցիկների տեսագրությունը, որտեղ երևում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաթղթերի ստուգման գործընթացը։ Այդ կադրերը «շատ պատահական» հայտնվեցին իշխանամերձ լրատվական հարթակներում։
Ամիսներ անց հոկտեմբերի 8-ին, Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպից ժամեր անց, խորհրդարանի անվտանգության տեսախցիկների կադրերը կրկին հայտնվեցին ՔՊ-ին առնչվող տեղեկատվական հարթակում։
Ստացվում է՝ պետական կառույցների տեսախցիկները ֆիքսում են իրադարձությունները, բայց դրանց որոշ հատվածներ հայտնվում են հանրության առջև այնպիսի ձևով և ժամանակին, որը հարցեր է առաջացնում դրանց ընտրության ու հրապարակման նպատակների վերաբերյալ։
Եվ այդ ամենին արդարացում ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով հունիսի 18-ին անդրադառնալով Քոչարյանի տեսանյութի արտահոսքին, ասեց, որ ԱԱԾ աշխատակիցը կարող է որոշել իր տիրապետած տեղեկությունն արտահոսի, թե ոչ։ Իսկ հուլիսի 2-ին ԱԱԾ-ի պաշտոնական պատասխանում ևս նշվել էր, որ ծառայությունն իրավասու է իր տնօրինած տեղեկությունը հրապարակել։
Սա արդեն պարզապես մեկ տեսանյութի պատմություն չէ։ Սա պետական տեղեկատվության տնօրինման, անձնական տվյալների պաշտպանության և վերահսկողության սահմանների մասին հարց է։
Եվ այստեղ առաջանում է հաջորդ հարցը․ եթե պետական տեսախցիկների տեսագրությունները կարող են հայտնվել հրապարակային դաշտում, եթե հեռախոսային գաղտնալսումները կարող են դառնալ քաղաքական քննարկումների առարկա, ապա ո՞վ կարող է երաշխավորել, որ նույն մեխանիզմները չեն օգտագործվում նաև իշխանության ներսում։
Արդյո՞ք Քաղաքացիական պայմանագրի ներսում բոլորը վստահ են, որ իրենց խոսակցությունները, հանդիպումները և գործողությունները չեն վերահսկվում։ Արդյո՞ք իշխանական թիմի ներկայացուցիչներն ունեն նույն գաղտնիության երաշխիքները, որոնք պետք է ունենա ցանկացած քաղաքացի։
Հատկանշական է, որ ՔՊ ներսում իրենք էլ են վստահ, որ բոլորը գաղտնալսվում են, անգամ իրար հետ հանդիպումների ժամանակ կարևոր թեմաների շուրջ զրուցում են առանց հեռախոսի ներկայության և անգամ սեփական մեքենաներից դուրս։
Պետական վերահսկողության մեխանիզմների օգտագործման և տեղեկությունների արտահոսքի արդեն արձանագրված դեպքերը բավարար հիմք են հասկանալու, որ այդ լուրերը վաղուց դադարել են օդից կախված լինելուց և վախի տեսքով ծանրացել են ՔՊ համակիրների ուսերին։
Թերևս լավագույն հիշողություններից մեկը Արցախի հանձնումից հետո Լուսինե Բադալյանի,հայտնի Լուլուի, վարքագիծն էր, նախ հայտարարեց, որ ինքը դուրս է գալիս թիմից, հետո ըստ մոտ կանգնած աղբյուրների, իրեն ներկայացված ձայնագրությունների և տեսագրությունների արդյունքում նորից գլուխը կախ վերադարձավ իշխանությունների գովքին։
Երբ քաղաքական համակարգում տեղեկությունը դառնում է ազդեցության միջոց, ապա այն կարող է ծառայել ոչ միայն ընդդիմախոսների դեմ, այլև ներիշխանական հարաբերություններում։
Այս իրավիճակում ամենամտահոգիչը ոչ թե այն է, որ տեսախցիկները նկարահանում են կամ իրավապահները օրենքով սահմանված դեպքերում գաղտնալսումներ են իրականացնում։ Պետությունը դրա համար ունի օրինական լիազորություններ։ Խնդիրն այն է, թե ով է վերահսկում այդ լիազորությունների կիրառումը, ով է պատասխանատվություն կրում տեղեկությունների արտահոսքի համար և ինչու մինչև այժմ հասարակությունը չի ստացել բոլոր հարցերի հստակ պատասխանները։
Եվ ամենակարևորը ո՞վ է որոշում, թե վաղը ո՞ւմ գաղտնալսել։
Արմինե Մելքոնյան


















































«Բայազետ հոլլ»-ում հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթա...
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Որո՞նք են այն հիմնական նախանշանները, որոնց դեպքում մարդը պետք է դիմի բժշկի
Եթե Հայաստանում իրավիճակն իրոք այնքան լավ է, ինչպես ներկայացվում է, ապա ինչո՞ւ են հազարավոր հայեր գե...
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...
«Երևան ավտոբուսը»՝ 13 տարեկան անչափահաս աղջկան ավտոբուսից իջեցնելու դեպքի մասին
Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը
Ավտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդը
Մասիս Մելքոնյանին գաղտնալսե՞լ են