Բելգիան 14 ժամով կփակի իր օդային տարածքը
Բելգիայում երկուշաբթի՝ նոյեմբերի 23-ին, ավիադիսպետչերների համազգային գործադուլի պատճառով ամբողջությամբ կդադարեցվի կանոնավոր օդային հաղորդակցությունը։ Այս մասին հաղորդում է RTBF-ը։
Աղբյուրի փոխանցմամբ, օդային երթևեկության կառավարման համար պատասխանատու Skeyes ընկերությունը հայտնել է, որ տեղական ժամանակով ժամը 07:00-ից մինչև 21:00-ն չի կարողանա ապահովել կանոնավոր ավիափոխադրումների անվտանգությունը։ Այդ ընթացքում կսպասարկվեն միայն արտակարգ և անվտանգության ապահովման համար կենսական նշանակություն ունեցող այլ չվերթներ։
Նշենք, որ Բրյուսելի Զավենտեմ օդանավակայանում այդ օրվա համար նախատեսված էր 429 չվերթ, որոնցից պետք է օգտվեր շուրջ 59,5 հազար ուղևոր՝ 28 հազարը՝ մեկնող, 31,5 հազարը՝ ժամանող։
Հավելենք, որ Brussels Airlines ավիաընկերությունը քննադատել է օդային տարածքի փակման մասին ուշացած հայտարարությունը։ Ընկերության հաղորդմամբ, դրանից ընդամենը մի քանի ժամ առաջ դեռ ակնկալվում էր, որ գործադուլը գրեթե չի անդրադառնա օդանավակայանի աշխատանքի վրա։ Բրյուսել-Շառլեռուա օդանավակայանը նույնպես դժգոհություն է հայտնել՝ նշելով, որ նախապես պատրաստվել էր բողոքի ակցիաների օրը աշխատելուն։
Ուղևորներին խորհուրդ է տրվում առանց ավիաընկերության հաստատման չմեկնել օդանավակայան։ Փոխադրողները պետք է տեղեկացնեն հասանելի տարբերակների, այդ թվում՝ տոմսերի վերամրագրման և գումարի վերադարձի մասին։
Հավելենք, որ շուրջ 25 ավիաընկերություն միավորող Board of Airline Representatives in Belgium ասոցիացիան հայտարարել է, որ այս ակցիան տասնմեկ ամսվա ընթացքում օդային տարածքին առնչվող արդեն տասնմեկերորդ գործադուլն է։ Կազմակերպությունը կարծում է, որ կրկնվող բողոքի ակցիաները սպառնում են երկրի տրանսպորտային հասանելիությանը, տնտեսությանը և միջազգային հեղինակությանը։
Գործադուլն անցկացվում է Բելգիայի կառավարության քաղաքականությամբ նախատեսված խնայողության միջոցառումների դեմ արհմիությունների համազգային ակցիայի շրջանակում։


















































Դեպի Երևան 2 չվերթ չեղարկվել է, ևս 2-ը կժամանեն ուշացումով
Երևանի որոշ փողոցներում ժամանակավոր կսահմանափակվի երթևեկությունը
Դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը Air France-ը երկարաձգել է մինչև դեկտեմբերի 12-ը
«Wizz Air»-ը ավիաընկերությունը Երևանից Նիդերլանդներ ուղիղ չվերթեր է գործարկել
Որ թիմերը կարող են դառնալ Հայաստանի հավաքականի մրցակիցները. հայտնի են Եվրո-2028-ի ընտրական փուլի բոլ...
ՌԴ-ում ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր
Ինչպե՞ս սնվել ձմռանը՝ պահպանելով վիտամինային հավասարակշռությունն ու իմունիտետը. Խորհուրդ է տալիս սնն...
Միգրանտների համար մեղմացումներ է առաջարկել Դմիտրի Մեդվեդևը
Դենիս Ջորկաեֆը՝ «Անգլիական թագուհի»․ ո՞վքեր են կանգնած նրա թիկունքում
Վանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, բախվել ծառերին. 5 վիրավորներից 2-ն անչափահաս են
Պայմանագրային զինծառայող է մահացել
Ինձ համար խաղաղության տեսլական չկա։ Ինձ համար կա ազգային արժանապատվության և ազգային պետականության հա...
30 տարի գործեց, 50 տարի լռեց, 2002-ից վերականգնեցինք․ ինչպես Մոսկվայում կազմավորվեց հայկական թատրոնը...
Սև ծովում Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիներով նավ է խորտակվել