Աշոցքում ավագանու ընտրություններին մասնակցում է միայն ՔՊ-ն․ ի՞նչ գույք են հայտարարագրել նրանք․ «Հետք»
Շիրակի մարզի Աշոցք խոշորացված համայնքում նոյեմբերի 29-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են։ Աշոցքում ընտրելու իրավունք ունի 8900 անձ։ Այստեղ ավագանու ընտրություններին մասնակցող միակ քաղաքական ուժը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է, որն առաջադրել է 42 թեկնածուի, սակայն Աշոցքում ավագանու անդամ կարող է դառնալ միայն 30-ը։ Գրում է «Հետք»-ը։
Աշոցք խոշորացված համայնքում 25 բնակավայր է ընդգրկված։ Նրանցից 12-ի վարչական ղեկավարները ՔՊ թեկնածուների ցանկում են։ Ավագանու թեկնածուների ցանկում են նաև համայնքապետարանի աշխատակիցներ, դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ և այլք։
Հայտարարագրերում արտացոլված են ներկայացման օրվան նախորդող 12 ամիսների գույքի, եկամուտների ու դրամական միջոցների տվյալները։
Ովքեր են ՔՊ ցուցակի առաջին եռյակում
ՔՊ ցուցակը գլխավորում է Աշոցք համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանը։ Նա 2018թ․ նոյեմբերի 3-ից մինչև 2019թ. փետրվարի 22-ը եղել է Աշոցք համայնքի ղեկավարի պաշտոնակատար, այնուհետև Աշոցք համայնքի ղեկավար է ընտրվել։
Մանուկյանը հայտարարագրել է համատեղ սեփականությամբ 1 բնակելի տուն Մեծ Սեպասար բնակավայրում և ընդհանուր 4,5 հա մակերեսով 5 հողամաս։
Ընթացիկ տարում ունեցել է 8 մլն 121 հազ. դրամ եկամուտ, որից 4 մլն 721 հազ. դրամն Աշոցքի համայնքապետարանից աշխատավարձ է ստացել, 1 մլն 400 հազ. դրամը՝ Պաշտպանության նախարարությունից, 2 մլն դրամ էլ վարկ է վերցրել։ Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ ունեցել է 300 հազ. դրամ գումար։
Ցուցակի 2-րդ համար Արտուշ Մանուկյանը Աշոցք համայնքի ղեկավարի առաջին տեղակալն է, նախկին Սարապատ խոշորացված համայնքի ղեկավարը (ներկայում Աշոցքի կազմում է ընդգրկված)։ Նա հայտարարագրել է համատեղ սեփականությամբ 2 բնակելի տուն և 8 կտոր՝ ընդհանուր 6,1 հա մակերեսով հողամաս Գոգհովիտ բնակավայրում, 1 «ՎԱԶ–21» մակնիշի ավտոմեքենա։ Աշոցքի համայնքապետարանից ընթացիկ տարում ստացել է 3 մլն 992 հազ. դրամ աշխատավարձ։ Դրամական միջոցները կազմել են 2 մլն 221 հազ. դրամ։
Ցուցակի երրորդ համարը «Աշոցքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարգարիտ Դանիելյանն է։ Նա հայտարարագրել է համատեղ սեփականությամբ 1 բնակարան և 2 վարելահող Աշոցքում։ Ընթացիկ տարում ունեցել է 4 մլն 764 հազ. դրամի եկամուտ, որից 360 հազ. դրամը վարկ է եղել։ Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ ունեցել է 150 հազ. դրամ գումար։
19 կտոր հողատարածք. ո՞վ է ամենաշատ գույք հայտարարագրած թեկնածուն
Թեկնածուներից ամենաշատ գույքը հայտարարագրել է ցուցակի 9-րդ համար, Վարդաղբյուր բնակավայրի վարչական ղեկավար Ֆլորա Թոսունյանը։ Նա Վարդաղբյուրում համատեղ սեփականությամբ 1 բնակելի տուն և 19 հողակտոր (ընդհանուր 16,7 հա) է հայտարարագրել։ Ունի նաև 2 ավտոմեքենա՝ 2008թ. արտադրության Toyota Vitz և 2024թ. արտադրության Kia K5 GT-Line։
Ընթացիկ տարում ունեցել է 2 մլն 760 հազ. դրամ եկամուտ, որից 2 մլն 60 հազ. դրամը ստացել է Աշոցքի համայնքապետարանից՝ որպես աշխատավարձ, իսկ 700 հազ. դրամը՝ Մեծ Սեպասարի միջնակարգ դպրոցից։
Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ ունեցել է 300 հազ. դրամ։
Ի դեպ, Ֆլորա Թոսունյանը ցուցակում միակը չէ, որը բավական շատ հողատարածքներ ունի։ Օրինակ՝ ցուցակի 43-րդ համար (նախնական ցուցակում եղել է 45 թեկնածու, 3-ն ինքնաբացարկ են հայտնել) Ռիմա Սումբուլյանը, ով «Աշոցքի գրադարան» ՀՈԱԿ-ի հաշվապահն է, Բավրա բնակավայրում համատեղ սեփականությամբ ընդհանուր 10,8 հա մակերեսով 14 կտոր հողատարածք ունի։
Ցուցակում ընդգրկված վարչական ղեկավարներից 7-ը ևս հայտարարագրել են հողատարածքներ։ Ամենաշատ հողատարածքները հայտարարագրել է Բավրայի վարչական ղեկավար Պավլիկ Սումբուլյանը՝ 10 միավոր։ Սարագյուղի ղեկավար Ալեքսան Իգիթյանն ունի 9, Թավշուտի ղեկավար Իգիթ Առաքելյանը՝ 8, Բաշգյուղի ղեկավար Տիգրանուհի Աղասյանը և Սիզավետի ղեկավար Վահագն Շահինյանը՝ 7-ական, Կարմրավանի ղեկավար Ալինա Կարապետյանը՝ 6, իսկ Ձորաշենի ղեկավար Արմեն Բաղդասարյանը՝ 5 հողատարածք։
Ամենաշատ եկամուտ ու դրամական միջոց հայտարարագրած թեկնածուները
Ամենաշատ եկամուտ հայտարարագրած թեկնածուն ցուցակի 31-րդ համար, Փոքր Սարիար բնակավայրի վարչական ղեկավար Տիգրան Արշակյանն է։ Ընթացիկ տարում նա ունեցել է 12 մլն 397 հազ. դրամ եկամուտ։ Դրա մեծ մասը՝ 9 մլն 600 հազ. դրամը, գոյացել է վերցրած վարկից, իսկ 2 մլն 797 հազ. դրամը Աշոցքի համայնքապետարանից ստացված աշխատավարձն է։ Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ ունեցել է 150 հազ. դրամ գումար։
Հայտարարագրել է նաև արտադրական նշանակության շինություն Բաշգյուղ բնակավայրում և 2006թ. արտադրության BMW մակնիշի ավտոմեքենա։
Ամենաշատ դրամական միջոցներն ունի ցուցակի 8-րդ համար Գեղամ Համբարձումյանը, ով «ԹԻՄ ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում առաջատար ճարտարագետ է։ Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ ունեցել է 13,5 մլն դրամ։ Ընթացիկ տարում ունեցել է 10 մլն 203 հազ. դրամ եկամուտ, որից 5 մլն 802 հազ. դրամը «ԹԻՄ ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ»-ից աշխատավարձ է ստացել, 1 մլն դրամ գյուղատնտեսական գործունեությունից է ստացել, 377 հազ. դրամը ավանդից եկամուտ է, «Զինապահ» զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամից էլ 3 մլն 24 հազ. դրամ է ստացել։
Հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ 1 բնակելի տուն Երևանում, համատեղ սեփականությամբ 1 բնակելի տուն և 2 բնակարան Աշոցքում և 3 հողակտոր Վարդաղբյուր բնակավայրում, 1 մարդատար և 1 բեռնատար ավտոմեքենա։
42 թեկնածուներից 12-ն անկուսակցական են, 30-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ։ Թեկնածուներից 28-ը կանայք են, 14-ը՝ տղամարդիկ։ Միջին տարիքը 49-ն է։
Նախորդող մեկ տարում թեկնածուներից 27-ն ունեցել է 1-5 մլն դրամ եկամուտ, 10 մլն դրամից ավելի եկամուտ է հայտարարագրել թեկնածուներից 3-ը։ Թեկնածուներից միայն մեկն է գործազուրկ։
Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ մինչև 1 մլն դրամ դրամական միջոց է ունեցել 31 թեկնածու, 7-ը դրամական միջոց չի հայտարարագրել։


















































Սողոմոն Թեհլիրյանի՝ աղմուկ բարձրացրած արձանի քանդակագործին շնորհվեց Գյումրու պատվավոր քաղաքացու կոչում. Aravot.am
Ի՞նչ է սպասվում Հրազդանի կիրճի ռեստորաններին
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
Մարզերում որ հասցեներից կարելի է անձնագիր և նույնականացման քարտ ստանալ
Եթե Հայաստանում իրավիճակն իրոք այնքան լավ է, ինչպես ներկայացվում է, ապա ինչո՞ւ են հազարավոր հայեր գե...
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...
Շտապօգնության ավտոմեքենան վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս ...
«Երևան ավտոբուսը»՝ 13 տարեկան անչափահաս աղջկան ավտոբուսից իջեցնելու դեպքի մասին
Վթար՝ Լոռու մարզում․ տուժածներից մեկը հղի կին է, մյուսը՝ երեխա
Քավորի և քավորկնոջ կողմից ծեծի ենթարկված 22-ամյա աղջիկը տեղափոխվել հիվանդանոց
ՀՀ վարչապետը ցավակցական ուղերձ է հղել Կիրովի ողբերգության կապակցությամբ
Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը