Արդյո՞ք արդարացված են Օզեմպիկն ու Մունջարոն, ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ նիհարելու մոլուցքով տառապող մարդը, եթե առանց ցուցումի դիմի այս միջոցին ... Պարզաբանում է բժիշկ Հայկ Հարությունյանը
21-րդ դարի մեծագույն խնդիրներից մեկը շարունակում է մնալ ճարպակալման տեմպերի արագ զարգացումը։ Յուրաքանչյուր 8֊րդ մարդ ունի այդ խնդիրը։ Խնդրի լուծման համար հատկապես կանայք դիմում են տարբեր քայլերի` սննդակարգի կալորիաները հաշվելուց մինչև ինչ֊որ նիհարեցնող թեյեր, օզեմպիկից մինչև մունջարո։
Թեման շարունակում է արդիական մնալ նաև մեզ համար. դեղորայքային միջամտության մասին զրուցել ենք Աստղիկ բժշկական կենտրոնի վիրաբույժ, Երևանի պետական բժշկական համալսարանի դասախոս, բժշկական գիտությունների դոցենտ Հայկ Հարությունյանի հետ։
-Ինչո՞ւ է ճարպակալումն օրեցօր ավելի տարածված դառնում։
-Ճարպակալումը մեր ժամանակների ամենալուրջ առողջապահական խնդիրներից մեկն է։ Եվ դրա պատճառը միայն շատ ուտելը կամ քիչ շարժվելը չէ։
Մենք ապրում ենք մի միջավայրում, որտեղ բարձր կալորիականությամբ, վերամշակված սնունդը հասանելի է գրեթե ամենուր, ֆիզիկական ակտիվությունը նվազել է, մարդիկ շատ ավելի երկար են նստում, քնի ռեժիմը խանգարված է, իսկ սթրեսը դարձել է առօրյայի մի մասը։
Բացի այդ, ճարպակալման զարգացման մեջ մեծ դեր ունեն գենետիկական նախատրամադրվածությունը, հորմոնալ և նյութափոխանակային խանգարումները, որոշ դեղամիջոցներ և նույնիսկ մարդու հոգեբանական վիճակը։
Այսօր ճարպակալումը դիտարկում ենք որպես քրոնիկ հիվանդություն, այլ ոչ թե կամքի ուժի պակաս կամ պարզապես էսթետիկ խնդիր։ Երբ մարդը գիրանում է, օրգանիզմում տեղի են ունենում նյութափոխանակային և հորմոնալ փոփոխություններ, որոնք հետագայում դժվարացնում են քաշի նվազեցումն ու պահպանությունը։
Հետևաբար, նման մարդկանց պարզապես ասել՝ «քիչ կերեք, շատ շարժվեք», միշտ չէ, որ բավարար է։ Պետք է հասկանալ ճարպակալման առաջացման պատճառները և բուժել ոչ միայն դրա հետևանքները, այլև հիմքում ընկած մեխանիզմները։
-Օզեմպիկի և Մունջարոյի օգտագործումն ինչքանո՞վ է արդարացված, և ի՞նչ վտանգներ կան։
-Այս դեղամիջոցների նկատմամբ մեծ հետաքրքրությունը պատահական չէ։ Դրանք իսկապես արդյունավետ են քաշի նվազեցման գործում և բժշկության մեջ նոր հնարավորություններ են բացել ճարպակալման բուժման համար։
Օզեմպիկի (Ozempic) ակտիվ նյութը սեմագլուտիդն է, իսկ Մունջարոյի (Mounjaro) ակտիվ նյութը՝ տիրզեպատիդը։ Դրանք ազդում են ախորժակի կարգավորման մեխանիզմների վրա, դանդաղեցնում ստամոքսի դատարկումը, բարձրացնում հագեցվածության զգացումը և օգնում մարդուն ավելի քիչ սնունդ ընդունել։
Մունջարոն ազդում է երկու հորմոնային համակարգերի՝ GLP-1-ի և GIP-ի վրա, իսկ Օզեմպիկը՝ GLP-1-ի։ Կլինիկական հետազոտությունները ցույց են տվել, որ այս դեղամիջոցները կարող են ապահովել քաշի բավականին նշանակալի նվազեցում։
Բայց կարևոր է հասկանալ՝ այս դեղամիջոցները հրաշքի միջոց չեն և նախատեսված չեն պարզապես մի քանի կիլոգրամ նիհարելու համար։
Դրանք արդարացված են այն մարդկանց մոտ, ովքեր ունեն ճարպակալում կամ ավելորդ քաշ՝ ուղեկցող հիվանդություններով, և կիրառվում են բժշկի հսկողությամբ՝ համապատասխան ցուցումներով։
Գործնականում այսօր շատերն օգտագործում են դրանք առանց բժշկական հետազոտության, առանց բժշկի նշանակման, երբեմն նույնիսկ ընկերուհու խորհրդով։ Սա ոչ միայն սխալ, այլև առողջության համար պոտենցիալ վտանգավոր մոտեցում է։
Կողմնակի ազդեցություններից առավել հաճախ հանդիպում են սրտխառնոցը, փսխումը, փորկապությունը կամ լուծը, որովայնային ցավերն ու փքվածությունը։ Ավելի լուրջ հնարավոր բարդություններից են լեղաքարային հիվանդությունը, լեղապարկի բորբոքումը, իսկ հազվադեպ՝ սուր պանկրեատիտը։ Ուժեղ փսխման և ջրազրկման հետևանքով կարող է նաև վատանալ երիկամների ֆունկցիան։
Կարևոր է նաև, որ արագ քաշի նվազեցման ժամանակ մարդը կորցնում է ոչ միայն ճարպային հյուսվածքը, այլև մկանային զանգվածը։ Եթե դեղամիջոցը կիրառվում է առանց ճիշտ սննդակարգի, բավարար սպիտակուցի ընդունման և ֆիզիկական ակտիվության, կարող ենք ունենալ ոչ ցանկալի մարմնակազմության փոփոխություն, թուլություն և մկանային զանգվածի կորուստ։
Մյուս խնդիրը դեղամիջոցի դադարեցումն է։ Շատերի մոտ այն դադարեցնելուց հետո ախորժակը վերադառնում է, և կորցրած քաշի զգալի մասը կարող է կրկին ավելանալ։
Այսինքն՝ դեղամիջոցը դադարեցնելը դեռ չի նշանակում, որ ճարպակալումը հաղթահարված է։ Անհրաժեշտ է երկարաժամկետ բուժման և քաշի պահպանման ծրագիր։
Կան նաև հակացուցումներ․ օրինակ՝ վահանաձև գեղձի մեդուլյար քաղցկեղի դեպքում այս դեղամիջոցները հակացուցված են։ Հղիության ընթացքում դրանք ևս չեն կիրառվում քաշի նվազեցման նպատակով։
-Արդյո՞ք ցանկացած բժիշկ իրավունք ունի նշանակելու այս դեղերը, և որքանո՞վ է վտանգավոր ինքնաբուժումը։
-Ես կարծում եմ՝ այստեղ կարևոր է ոչ այնքան բժշկի մասնագիտությունը, որքան նրա գիտելիքները, փորձը և հիվանդի ճիշտ գնահատումը։
Այս դեղամիջոցները պետք է նշանակի համապատասխան մասնագիտական գիտելիքներ ունեցող բժիշկ, որը տիրապետում է ճարպակալման բուժման ժամանակակից մոտեցումներին, հասկանում է դեղի ցուցումները, հակացուցումները, կողմնակի ազդեցությունները և կարող է ապահովել հիվանդի հետագա հսկողությունը։
Ճարպակալմամբ զբաղվող էնդոկրինոլոգը կամ ճարպակալման բուժման ոլորտում համապատասխան փորձ ունեցող այլ բժիշկ կարող են ընտրել բուժման այս մեթոդը՝ կախված հիվանդի վիճակից։
Սակայն միայն դեղը նշանակելը բավարար չէ․ պետք է գնահատել նաև նյութափոխանակությունը, ուղեկցող հիվանդությունները, լյարդի, երիկամների վիճակը, սննդային վարքագիծը և բուժման ընթացքում վերահսկել արդյունքներն ու կողմնակի ազդեցությունները։
Իսկ երբ բժիշկն ինքն է իրեն նշանակում, կամ նշանակում է իր հարազատին՝ առանց պատշաճ հետազոտության, ես դա ճիշտ բժշկական մոտեցում չեմ համարում։
Բժիշկ լինելը չի նշանակում, որ մարդը կարող է շրջանցել հետազոտությունը, հակացուցումների գնահատումը և բժշկական հսկողությունը։
Նույնիսկ բժշկի դեպքում ինքնաբուժումը կարող է վտանգավոր լինել։
Բժշկության մեջ մենք պետք է առաջնորդվենք ոչ թե նորաձևությամբ կամ ծանոթի փորձով, այլ կոնկրետ հիվանդի բժշկական ցուցումներով։
Իմ կարծիքով՝ այս դեղամիջոցները ժամանակակից բժշկության շատ կարևոր ձեռքբերում են, և ճիշտ ընտրված հիվանդի դեպքում դրանց օգուտը կարող է զգալիորեն գերազանցել ռիսկերը։
-Արդյո՞ք Օզեմպիկն ու Մոնջարոն կարելի է օգտագործել ամբողջ կյանքի ընթացքում, թե՞ կա բուժման հստակ տևողություն։
-Պետք է հասկանալ, որ ճարպակալումը քրոնիկ հիվանդություն է, և դրա բուժումը հաճախ պահանջում է երկարաժամկետ մոտեցում։ Այս դեղամիջոցների օգտագործման համար բոլոր հիվանդների դեպքում նույն տևողությունը սահմանված չէ։ Այն որոշվում է անհատապես՝ հաշվի առնելով բուժման արդյունքները, կողմնակի ազդեցությունները և հիվանդի ընդհանուր առողջական վիճակը։
Շատ կարևոր է հասկանալ, որ այս դեղամիջոցները պարզապես ժամանակավոր նիհարելու միջոց չեն։ Դրանց ազդեցությունը հիմնականում պահպանվում է օգտագործման ընթացքում։ Բուժումը դադարեցնելուց հետո ախորժակը կարող է վերադառնալ, իսկ քաշը՝ կրկին ավելանալ։
Հետևաբար, բուժումը դադարեցնելու որոշումը նույնպես պետք է ընդունվի բժշկի հետ։ Պետք է նախապես ունենալ քաշի պահպանման հստակ ծրագիր՝ սննդակարգի, ֆիզիկական ակտիվության և անհրաժեշտության դեպքում այլ բուժական մեթոդների կիրառմամբ։
-Ո՞ր դեպքերում դեղորայքային բուժումն այլևս բավարար չէ, և անհրաժեշտություն է առաջանում դիմել բարիատրիկ վիրաբուժության։
-Բարիատրիկ վիրաբուժությունը ճարպակալման բուժման ապացուցողական և արդյունավետ մեթոդներից մեկն է։ Այն նախատեսված է ոչ թե պարզապես արտաքին տեսքը փոխելու, այլ ճարպակալումը և դրա հետ կապված նյութափոխանակային խանգարումները բուժելու համար։
Վիրաբուժական բուժման անհրաժեշտությունը գնահատվում է անհատապես՝ հաշվի առնելով մարմնի զանգվածի ինդեքսը, ուղեկցող հիվանդությունները, նախկին բուժման արդյունքները և հիվանդի ընդհանուր վիճակը։
Ընդհանուր առմամբ, միջազգային արդի ուղեցույցներով բարիատրիկ վիրաբուժությունը խորհուրդ է տրվում 35 և ավելի մարմնի զանգվածի ինդեքս ունեցող անձանց՝ անկախ ուղեկցող հիվանդությունների առկայությունից։ 30–34.9 միջակայքում այն կարող է դիտարկվել նաև նյութափոխանակային հիվանդությունների կամ ոչ վիրահատական բուժման անբավարար արդյունքի դեպքում՝ համապատասխան գնահատումից հետո։
Պետք է ընդգծել, որ բարիատրիկ վիրաբուժությունը պարզապես ստամոքսի փոքրացում չէ։ Այն ազդում է նաև հորմոնային և նյութափոխանակային մեխանիզմների վրա, ինչի շնորհիվ կարող է բարելավել կամ նույնիսկ հանգեցնել 2-րդ տիպի շաքարային դիաբետի ռեմիսիայի, զարկերակային գերճնշման և մի շարք այլ ուղեկցող հիվանդությունների բարելավման։
Կարևոր է հասկանալ, որ վիրահատությունը նույնպես հրաշքի միջոց չէ։ Այն պահանջում է ճիշտ նախավիրահատական գնահատում, մասնագիտացված թիմ և ամբողջ կյանքի ընթացքում հետվիրահատական հսկողություն։
Իմ կարծիքով՝ ճարպակալման բուժման մեջ չպետք է հակադրել դեղորայքային և վիրաբուժական մեթոդները։ Դրանք բուժման տարբեր գործիքներ են, և մեր խնդիրն է յուրաքանչյուր հիվանդի համար ընտրել առավել արդյունավետ ու անվտանգ տարբերակը։
Բժիշկ Հայկ Հարությունյանի հետ զրուցեց Արմինե Մելքոնյանը


















































Վանաձորում 55-ամյա վարորդը «Opel Zafira»-ով վրաերթի է ենթարկել 8-ամյա երեխայի.վրաերթի ենթարկված 8–ամ...
Դենիս Ջորկաեֆը՝ «Անգլիական թագուհի»․ ո՞վքեր են կանգնած նրա թիկունքում
Գերմանիայում մահացած են գտել հայ ընտանիքի 5 անդամի
Ամենահին և ամենահարգված ձեռնարկատերերից մեկը՝ Վալտերը, ձերբակալվել է Շերեմետևո օդանավակայանում
Արդյո՞ք արդարացված են Օզեմպիկն ու Մունջարոն, ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ նիհարելու մոլուցքով տառ...
Մոտ 40 աշակերտ է տուժել Լիոնի դպրոցում պիրոտեխնիկայի կիրառման հետևանքով
Նուբարաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարներն ազատվել են պաշտոնից
Ողբերգական ավտովթար Երևանում. Երևանյան լճի հարևանությամբ, բախվել են 2 «Mercedes», «Nissan Tiida», «...
Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում․ «Հաղթանակ» զբոսայգում հայտնաբերվել է տղամարդու մարմին
Կուսակիցները եւս անակնկալի են եկել. «Հրապարակ»