Ինչո՞ւ է Փաշինյանը դատական հայց ներկայացրել Սոֆիա Հովսեփյանի դեմ․ մանրամասներ՝ Շիրակի դատարանում ընթացող նիստից․ «Առավոտ»
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Լիլիթ Խաչատրյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Շիրակի նախկին փոխմարզպետ Սոֆիա Հովսեփյանի դեմ ներկայացրած հայցի քննությունը։ Այս մասին գրում է «Առավոտը»։
Նիկոլ Վովայի Փաշինյանը Սոֆիա Ազատի Հովսեփյանին դատի է տվել Ազգային ժողովի ընտրություններից երկու օր անց՝ հունիսի 9-ին Hraparak.am լրատվական կայքին տված «Այդ տականքին ես վաղուց եմ ճանաչում՝ գիտեի, թե ոնց է նկարելու թվերը» վերտառությամբ հարցազրույցի համար։ Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի, Նիկոլ Փաշինյանը իր մասին հրապարակված վիրավորանք պարունակող արտահայտությունների վերաբերյալ պահանջում է վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, հրապարակայնորեն ներողություն խնդրել իրենից լրատվական կայքի, hraparak.am ֆեյսբուքյան էջի միջոցով բոլորի համար հասանելի և տեսանելի եղանակով։ Բացի այդ՝ պահանջում է իր հասցեին հնչեցրած զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակային հերքել հետևյալ բովանդակությամբ․ «2026 թվականի հունիսի 9-ին լրատվական կայքի և hraparak.am ֆեյսբուքյան էջի միջոցով իմ՝ Սոֆիա Ազատի Հովսեփյանիս կողմից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ տարածվել են զրպարտչական հետևյալ տեղեկությունները․
● «Փաշինյանը շտապեց իրեն հաղթող հայտարարել, ինքը շատ լավ գիտեր, թե ինչպես է նկարելու այդ ամեն ինչը, դրա համար էլ հայտարարեց այն, ինչն արել է և զարմանում եմ, թե ինչու ենք մենք զարմանում»,
● «Բայց ինքը շատ լավ գիտեր, թե ինչ են նկարելու իրենք և, բնականաբար, հայտարարեց: Սա մեզ համար զարմանալի չի, մենք վաղուց ենք իրեն ճանաչում, իր ստախոսությունը մեզ համար նորություն չի, իր ժողովրդավարության կեղծիքն էլ մեզ համար նորություն չի և բնականաբար այդ ամեն ինչի արդյունքում գիտենք ինչ պետք է անի»,
● «Ինչ վերաբերում է ընտրությունների արդյունքներին, ապա այս տականքին ես վաղուց եմ ճանաչում ու գիտեի, թե ինչպես է ընտրության արդյունքները նկարելու»։ Հայտնում եմ, որ այդ տեղեկությունները ամբողջությամբ զրպարտում են Նիկոլ Փաշինյանին, կեղծ են և չեն համապատասխանում իրականությանը»։ Հայցվոր Նիկոլ Փաշինյանը Սոֆիա Հովսեփյանից պահանջում է բռնագանձել 2,000,000 (երկու միլիոն) ՀՀ դրամ գումար, իսկ զրպարտության համար՝ 4,000,000 (չորս միլիոն) ՀՀ դրամ գումար՝ որպես ոչ նյութական վնասի դրամական փոխհատուցում։
Նիկոլ Փաշինյանի շահերը դատարանում պաշտպանում է փաստաբան Դավիթ Ավագյանը, իսկ Սոֆիա Հովսեփյանինը՝ Ռաֆայել Իշխանյանը։ Սոֆիա Հովսեփյանի փաստաբանը դատարանին ներկայացրեց ապացույցներ, թե ինչն է հիմք հանդիսացել իր պաշտպանյալին գնահատողական բնույթի մտքեր հնչեցնել․ դատարանին ներկայացրեց նաև Սոֆիա Հովսեփյանի երկու աշխատավայրերից տրված տեղեկանքներն աշխատավարձի չափի վերաբերյալ։
Ի դեպ, ներկայացված ապացույցների մեջ տեղ էին գտել նաև Նիկոլ Փաշինյանի՝ նախորդ տարիների ընտրությունների վերաբերյալ արված արտահայտությունները։ Բնականաբար, դրանք այն համատեքստում էին, թե Նիկոլ Փաշինյանին կարելի է նման արտահայտություններ անել, Սոֆիա Հովսեփյանին՝ ո՞չ։ Սակայն վարչապետի շահերը պաշտպանող Դավիթ Ավագյանը պնդեց, որ որևէ մեկը դատի չի տվել Նիկոլ Փաշինյանին, չկա իրավական գնահատական ընտրակեղծարարությունների մասին նրա հնչեցրած դատողություններին։
Դավիթ Ավագյանն, անդրադառնալով Սոֆիա Հովսեփյանի փաստաբանի ներկայացրած ապացույցներին, որոնցից մեկը, նրա ձևակերպմամբ, ԱԺ ընտրություններին մասնակցած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ձայների անճշտությանն է վերաբերում, ասաց․ «Գտնում ենք, որ նշված բոլոր հանգամանքները վերաբերելի չեն սույն գործի լուծման համար, մասնավորապես նախ պետք է հիշատակենք, որ տիկին Հովսեփյանի կողմից վիճելի արտահայտությունները և վիճելի տվյալները արտաբերվել են հունիսի 9-ին, իսկ նշված ժամանակահատվածում դեռևս նախնական արդյունքներն էին ամփոփվել և դեռևս պարզ չէր, թե նշված ուժը հաղթահարում է անցողիկ շեմը և ենթադրյալ խախտումները կարող էին ազդել տվյալ ուժի անցողիկ շեմը հաղթելու վրա, թե ոչ։
ԿԸՀ-ի կողմից նշվածի վերաբերյալ դեռևս որևէ վերջնական արդյունքներ հրապարակված չկային, ավելին՝ նախնական արդյունքներով՝ նշված օրերին ի սկզբանե տեղեկացվել էր, որ ԲՀԿ-ն հավաքել է 4 տոկոսը, ապա դրանից հետո փոխվեցին տվյալները՝ 3,96 տոկոս, դրանից հետո բոլորին հասկանալի էր, որ ամսի 14-ին վերջնական արդյունքներով դրանք կճշգրտվեն։ Այսինքն՝ նշված ժամանակահատվածում այնպիսի իրավիճակ չի եղել, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության չանցնելու վերաբերյալ և նշված խախտումների վերաբերյալ որևէ գնահատողական արտահայտություն ունենալու լիներ։
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։


















































Ողբերգական ավտովթարի զոհերից 3-ը Հնաբերդից էին. 18-ամյա տղան ձմռանը բանակ էր զորակոչվելու
Ո՞վ էր այսօր ինքնասպանություն գործած զինվորը. հայտնի է պատճառը
Ալեն Սիմոնյանի դեմ նոր կոալիցիոն օղակ է սեղմվում. ինչո՞ւ է լռում Փաշինյանը
Զինվորին հասցրել են ինքնшսպանпւթյшն․ կա 2 ձերբակալված
Երեւանի կենտրոն ավտոմեքենաների համար պետք է սահմանվի վարձավճար` տարեկան 15 միլիոն, ամսական 1.5 միլիո...
Մոսկվայի քաղաքային դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել գործարար Խորեն Ղազարյանի կնոջն ու 9-ամյա դ...
Ուշիի ոլորաններում վթարից
կա 8 զոհ, 3 վիրավոր.
Թարմացված
Պարզվել է Ուշիի ոլորաններում ավտովթարի հետևանքով մահացածների, վարորդների և վիրավորների ինքնությունը
Ուշիի վթարի հետևանքով մահացել են նշանված երիտասարդ զույգ և 22-ամյա մի ուսանող. նրանք եղել են Ստեփանա...
ՌԴ Արխանգելսկ քաղաքում դիահերձարան տեղափոխելու ճանապարհին տղամարդը, որին մահացած էին ճանաչել, կենդան...