Երևանում պաշտոնական ընդունելությամբ նշվել է ԱՄԷ-ի կազմավորման 55-ամյակը
Երևանում նոյեմբերի 25-ին տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն՝ Արաբական Միացյալ Էմիրությունների կազմավորման 55-ամյակի առթիվ։ Ընդունելության պատվավոր հյուրը ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էր։ Միջոցառմանը հրավիրված էին ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ, դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, գործարար համայնքի, ինչպես նաև մշակութային և գիտակրթական հաստատությունների ներկայացուցիչներ։
Ընդունելությունը մեկնարկել է Հայաստանի և ԱՄԷ-ի պետական օրհներգերով՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ։
Հայաստանում ԱՄԷ արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Ալ Մուլլան ողջույնի խոսքում անդրադարձել է իր երկրի անցած ճանապարհին՝ ընդգծելով մարդու, ընտանիքի և ազգային ինքնության նշանակությունը։
«Ազգային այս տոնի առթիվ մենք վերհիշում ենք մեր հիմնադիր հայրերի տեսլականը և հպարտությամբ արձանագրում այն առաջընթացն ու բարգավաճումը, որին հասել է իմ երկիրն իր ղեկավարության իմաստուն առաջնորդությամբ։ Նշելով այս ձեռքբերումները՝ մենք արժևորում ենք մարդուն, որը մշտապես եղել է մեր զարգացման ուղու առանցքում, և ընտանիքին, որը սերնդեսերունդ պահպանել է մեր ազգային ինքնությունը և ամրապնդել մեր հասարակության համախմբվածությունը։ Հայրենիքի ու մեր ժառանգության հետ այս խորը կապը ներդաշնակորեն համադրվում է աշխարհի հանդեպ մեր բաց լինելու, նրա մշակութային և մարդկային բազմազանությունը հարգելու և տարբեր երկրների, ժողովուրդների ու հասարակությունների հետ բարեկամության և համագործակցության կամուրջներ կառուցելու մեր ձգտման հետ»,– նշել է դեսպանը։
Նարիման Ալ Մուլլան իր ելույթում կարևորել է կանանց և երիտասարդների հնարավորությունների ընդլայնումը, հաշմանդամություն ունեցող անձանց լիարժեք ներառումը, ինչպես նաև հանդուրժողականությունն ու միջկրոնական երկխոսությունը։ Նա ընդգծել է, որ երկրի զարգացումն առաջին հերթին պետք է ծառայի մարդու արժանապատվությանն ու բարեկեցությանը։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Հայաստանի կառավարության և իր անունից շնորհավորել է բարեկամ երկրի ազգային տոնը՝ բարձր գնահատելով հայ-էմիրաթական հարաբերությունները։
«Ինձ համար մեծ պատիվ է այսօր ներկա գտնվել բարեկամ երկրի ազգային տոնին նվիրված ընդունելությանը։ Արաբական Միացյալ Էմիրություններն ավանդաբար եղել և շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետության համար առանցքային նշանակություն ունեցող երկիր և կարևոր գործընկեր Մերձավոր Արևելքի և Ծոցի տարածաշրջանում։ Այսօր կարևոր է ոչ միայն արժևորել համատեղ անցած ուղին և արձանագրել ձեռքբերումները, այլև նախանշել համագործակցության նոր հեռանկարները»,– ասել է Պապոյանը։
Նախարարը վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերով, հետևողական աշխատանքով և համագործակցության ինստիտուցիոնալ մեխանիզմների ամրապնդմամբ հնարավոր է հարաբերությունները բարձրացնել որակապես նոր՝ ռազմավարական մակարդակի։
Դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Հայաստանի ղեկավարությանը, կառավարությանը և ժողովրդին՝ բարեկամական հարաբերությունների ամրապնդմանն ուղղված աշխատանքի ու հյուրընկալության համար։
«Հայաստանն ու Արաբական Միացյալ Էմիրությունները շատ ընդհանրություններ ունեն իրենց ավանդույթներով ու սովորույթներով, ստեղծարար ոգով, նպատակասլացությամբ և անկեղծ բացությամբ։ Այս ամենը հոգում թողնում է ջերմ ու անմոռանալի տպավորություն և ամրապնդում այն համոզմունքը, որ Հայաստանը մեզ համար հյուրընկալ երկրի դերից զատ նաև գործընկեր է, որի հետ մեր հարաբերությունները բարձր ենք գնահատում, և բարեկամ, որի հանդեպ տածում ենք խորին հարգանք։ Լիովին վստահ եմ, որ այս դրական ոգու շնորհիվ մեր երկու երկրների և ժողովուրդների միջև համագործակցության կամուրջներն է՛լ ավելի կամրանան։ Բարեկամ Հայաստանի Հանրապետությանը մաղթում եմ հարատև առաջընթաց ու բարգավաճում, իսկ նրա ազնվազարմ ժողովրդին՝ ամենայն բարիք, բարօրություն և խաղաղություն»,– նշել է Նարիման Ալ Մուլլան։
ԱՄԷ ազգային տոնը նշվում է դեկտեմբերի 2-ին՝ ի հիշատակ 1971 թվականին էմիրությունների միավորման։ Հայաստանի և ԱՄԷ-ի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1998 թվականի հունիսի 25-ին։ ԱՄԷ-ում Հայաստանի դեսպանությունը հիմնվել է 2000 թվականին, իսկ Հայաստանում ԱՄԷ դեսպանությունը՝ 2015 թվականին։


















































Վանաձորում 55-ամյա վարորդը «Opel Zafira»-ով վրաերթի է ենթարկել 8-ամյա երեխայի.վրաերթի ենթարկված 8–ամ...
Դենիս Ջորկաեֆը՝ «Անգլիական թագուհի»․ ո՞վքեր են կանգնած նրա թիկունքում
Միգրանտների համար մեղմացումներ է առաջարկել Դմիտրի Մեդվեդևը
Գերմանիայում մահացած են գտել հայ ընտանիքի 5 անդամի
Ամենահին և ամենահարգված ձեռնարկատերերից մեկը՝ Վալտերը, ձերբակալվել է Շերեմետևո օդանավակայանում
Վանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, բախվել ծառերին. 5 վիրավորներից 2-ն անչափահաս են
Մոտ 40 աշակերտ է տուժել Լիոնի դպրոցում պիրոտեխնիկայի կիրառման հետևանքով
Լևոն Զուրաբյանի գրառումը կիսվեց, հետո ջնջեց․ ի՞նչ փոխվեց Դավիթ Բաբախանյանի համար
Ողբերգական ավտովթար Երևանում. Երևանյան լճի հարևանությամբ, բախվել են 2 «Mercedes», «Nissan Tiida», «...
Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում․ «Հաղթանակ» զբոսայգում հայտնաբերվել է տղամարդու մարմին