Արշակ Սրբազանի գործով ինքնաբացարկի համար պահանջում են պատասխանատվության ենթարկել դատավոր Գևորգ Մանուկյանին
Վեհափառ Հայրապետի եղբոր և եղբորորդու գործը քննող դատավոր Գևորգ Մանուկյանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է Արշակ Սրբազանի գործով ինքնաբացարկ հայտնելու համար։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՀՀ արդարադատության նախարարությունը կարգապահական վարույթ է հարուցել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գևորգ Մանուկյանի նկատմամբ։ Մանուկյանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է ՀՀ գլխավոր դատախազի հաղորդման հիման վրա։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ ԲԴԽ-ում կայացած դատական նիստում ՀՀ ԱՆ ներկայացուցիչ Դավիթ Կիրակոսյանը ներկայացրեց միջնորդության հիմքերը, համաձայն որի՝ քրեական գործերից մեկով (խոսքն Արշակ Սրբազանի գործի մասին է խմբ․) նախնական դատալսումների ընթացքում դատավորը կայացրել է բացարկն ընդունելու որոշում այն պատճառաբանությամբ, որ քրեական գործը 2018թ․ հարուցվել և քննվել է Արմավիրի մարզային այն քննչական վարչությունում, որտեղ դատավորը 2008-2020թթ աշխատել է՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ։ Բացի այդ, վարույթի նյութերում առկա է պաշտոնական անփութության հատկանիշներով քրեական վարույթ նախաձեռնելու մասին որոշում, որն առնչվում է վարույթով որպես իրեղեն ապացույց ճանաչված թմրամիջոցի անհետացմանը։
«Միաժամանակ, 2020-2024 թվականներին Արմավիրի մարզի դատախազությունում դատախազ աշխատելու տարիներին դատավորը որոշակի աշխատանքային փոխհարաբերություններ է ունեցել գործով հանրային մեղադրողի հետ, թեև դատավորը չի մասնակցել քրեական գործով նախաքննությանը և թմրամիջոցի անհետացման հանգամանքների վերաբերյալ որևէ տեղեկատվություն չունի, և նշված հանգամանքների ամբողջությունը դատավորին չի խոչընդոտում գործով անաչառ և անկողմնակալ լինելուն, սակայն դատավորի գնահատմամբ՝ դրանք կարող են անկողմնակալ դիտորդի մոտ ողջամիտ կասկած հարուցել դատավորի անաչառության և անկողմնակալության վերաբերյալ»,- նշեց Կիրակոսյանը։
Ըստ լիազոր մարմնի՝ դատավորը, հիմնվելով գործող իրավակարգավորումներից չբխող պատճառաբանությունների վրա, հրաժարվել է իր իրավասությանը վերապահված հարցի քննությունից, ինչն անկողմնակալ դիտորդի տեսանկյունից կարող է ընկալվել որպես դատավորի կողմից արդարադատության իրականացումից խուսափում։ Դատավորի կողմից բացարկ ընդունելու միջոցով գործի քննությունից խուսափելը, ԱՆ դիտարկմամբ, օբյեկտիվորեն նվազեցրել է դատական իշխանության անկախության և անաչառության նկատմամբ հանրության վստահությունը։
Հարցուպատասխանի ընթացքում դատավոր Գևորգ Մանուկյանի հարցին, թե ինքնաբացարկն ընդունելը կարո՞ղ էր արդյոք հանգեցնել սուբյեկտների արդար դատաքննության իրավունքը, եթե իրենք են ներկայացրել միջնորդությունը՝ Կիրակոսյանը նշեց, որ նրանք հանդիսանում են շահագրգիռ անձ, ուստի, չէր կարող խախտվել նրանց իրավունքները, քանի որ ներկայացված փաստական տվյալները բավարար չէին՝ բացարկն ընդունելու համար։ Դատավորի հարցին՝ իրեղեն ապացույց թմրամիջոցի անհետացման փաստի կապակցությամբ նախաձեռնված վարույթի շրջանակներում իր հարցաքննության, իրեղեն ապացույցի օգտագործման թույլատրելիության և դրանով պայմանավորված անփութության մասով ծանրացնող հանգամանք առաջացնելու հնարավորությունները սուբյեկտիվ ենթադրություններ են, թե օբյեկտիվ ու ողջամիտ հետևություններ՝ Կիրակոսյանը պատասխանեց՝ նշելով, թե գտնում են՝ ենթադրությունները վերացական են, այն քրեական վարույթով կորցված իրեղեն ապացույցը, որի շրջանակներում նախաձեռնվել է քրեական վարույթ, Մանուկյանը առնչություն չի ունեցել, չի եղել քննիչ, քննչական խմբի անդամ, ուստի, չէր կարող խնդիր առաջանալ՝ օբյեկտիվության առումով։ Ըստ ԱՆ ներկայացուցչի՝ դատավորը ճիշտ է վարվել, երբ բացահայտել է կողմերին այդ հանգամանքները, սպասել դիրքորոշմանը, բայց գտնում են, որ դատավորն իրավասու չէր ընդունել բացարկը՝ խուսափելով արդարադատության իրականացման պարտականությունից։ ԱՆ փոխնախարար Տիգրան Դադունցն էլ ավելացրեց, որ դատավորը պետք է գնար խորհրդակցական սենյակ և քննարկեր, թե արդյոք այն հանգամանքները, որ ինքը բացահայտել է, կողմերն էլ դրա հիման վրա բացարկ են հայտնում, կարող էին իր կողմնակալության վրա ազդել, թե ոչ։
«Դատավորը ոչ ճիշտ է վարվել այն փուլում, երբ գնահատել է, որ այդ հանգամանքները կարող էին ազդել իր անկողմնակալության ու անաչառության վրա, որովհետև մեր գնահատմամբ դրանք այնպիսի հանգամանքներ են, որ չէին կարող ազդել»,-ասաց նա։
Դատավոր Գևորգ Մանուկյանը համաձայն չէ իրեն վերագրվող խախտումների հետ, ավելին, նկատեց , որ միջնորդությունը չի արտացոլում իր կողմից կայացված՝ բացարկ ընդունելու մասին որոշման մեջ մատնանշված հիմքերն ամբողջությամբ, այլ՝ դրա միայն որոշ մասն է այլընտրանքային գնահատման ենթարկվել, որն էլ, իր պատկերացմամբ, հանգեցրել է սխալ հետևությունների։ Մասնավորապես, որոշման հիմքում դրել է ոչ թե այն հանգամանքը, որ իրեն մակագրված գործի նախաքննության ընթացքում պարզապես աշխատել է քննչական վարչությունում, այլ այն, որ տվյալ գործի նախաքննության ընթացքում իր գործով իրեղեն ապացույց հանդիսացող թմրամիջոցի անհետացման փաստի առթիվ նշված քննչական վարչության քննիչների անփութության վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ, ինչը էականորեն տարբերվում է հարցադրման այն ձևակերպումից, որն արձանագրված է միջնորդության մեջ։ Նշված հանգամանքն էական է, քանի որ լիազոր մարմնի հետագա բոլոր վերլուծությունները հիմնված են հենց այդ հանգամանքի վրա։ Մանուկյանը խնդրեց իր որոշման հիմնավորումները գնահատել միայն փաստի մասով, այլ՝ որոշման հիմքում դրված բոլոր հիմքերի համակցությամբ։ Դատավորը պատահական չհամարեց, որ իր փաստարկներին չանդրադառնալը և կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության մեջ քննարկման առարկա չդարձնելը, քանի որ այդ դեպքում լիազոր մարմինն ինքը կնշեր, որ իր կողմից իրականացվել է փաստերի վերլուծություն և գնահատում, հետևաբար, ինքը չի կարող ենթարկվել պատասխանատվության։
«Այդ փաստարկներին չանդրադառնալը, դրանց անտեսումն ինքնին չի կարող ապացուցել միջնորդության հիմնավոր լինելը կամ փաստերի անկարևորությունը, հակառակը, նման մոտեցումը վկայում է դրանց վճռորոշ լինելու մասին և ապացուցում է դրա դեմ լիազոր մարմնի կողմից հակափաստարկներ չունենալու փաստը»,- ասաց Մանուկյանը՝ չհամաձայնելով նաև այն պնդմանը, թե լիազոր մարմինը նման մեկնաբանություններից զերծ է մնացել այն նկատառումներից ելնելով, որ վիճարկում է որոշման հիմնավորվածությունը, այլ՝ դատավորի կողմից վարքագծի կանոն խախտելու հանգամանքը։ Մանուկյանն ընդգծեց, որ յուրաքանչյուր դեպքում, երբ ԲԴԽ առջև բարձրացվում է դատավորին պատասխանավության ենթարկելու հարցը՝ կապված նրա կողմից ի պաշտոնե կատարված գործողության կամ դատական իշխանությունը հեղինակազրկելու մեղադրանքի հետ, լիազոր մարմինը պետք է ծանրակշիռ փաստեր ներկայացնի, ոչ թե ենթադրություններ։
ԲԴԽ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Այն կհրապարակվի նոյեմբերի 2-ին։


















































Բագրատ Սրբազանն իր փաստաբանների հարսանեկան քավոր
Սրբազանի գործը մտել է փակուղի․ «Հրապարակ»
Միջազգային քրեական դատարանի նախկին դատավոր Նավի Փիլլեյը արժանացել է 2026 թվականի Նոբելյան խաղաղության մրցանակին
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի կնոջ՝ Սիլիա Ֆլորեսին խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժել են
Ծառուկյանի գործը քննած վարչության պետը պարգևատրվել է Փաշինյանի հուշամեդալով. «Ժողովուրդ»
Հրշեջ-փրկարարներն Ալավերդիում մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին
Ծանրամարտի ԵԱ-ի մրցումային առաջին օրը Հայաստանն ունի երեք մասնակից
36 ժամ ջրանջատումներ Երևանում և մարզերում
Բրիտանիայում վագրի հարձակման հետևանքով մարդ է մահացել
Էմմա Պալյանը պաշտոն է ստացել
Աշխարհահռչակ հայ մարմնամարզիկին ցմահ որակազրկել են ԱՄՆ-ում
30 տարի ծառայել եմ բանակում և երբեք նման խայտառակ իրավիճակ չեմ տեսել. Միհրան Մախսուդյան
Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ․ News.am
Տևական ժամանակ է՝ Երևանում երթևեկությունը կաթվածահար է. Դանիելյան
«Երևի Ադրբեջանում մտածում են էս կտցրուկն գնացել ա, սաղ Հայաստանը թպրտում ա վախից». Սասուն Միքայելյան