ՀՀ ԱԳՆ-ն հորդորում է ԵԱՀԿ ՄԽ-ին սանձել և կառուցողական դաշտ բերել Բաքվին

20.09.2018 | 11:06 | Քաղաքականություն

Բաքվի կողմից իրավիճակի լարմանը միտված գործողությունները, զուգակցվելով ռազմատենչ հռետորաբանության հետ, խաթարում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ու միջազգային հանրության կողմից խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորմանն ուղղված ջանքերը: Այդ մասին հայտարարել է ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ մեկնաբանելով Հայատան-Ադրբեջան սահմանին ստեղծված իրավիճակը:

Վերջին շրջանում Ադրբեջանը շարունակաբար գնդակոծում է հայ-ադրբեջանական պետական սահմանը՝ թիրախավորելով և վնաս հասցնելով դրա երկայնքով գտնվող բնակավայրերին, քաղաքացիական հաստատություններին և խաղաղ բնակչությանը։

«Այսօր ադրբեջանական կողմի կրակոցներից Հայաստանի Տավուշի մարզում զոհվել է ՀՀ զինծառայող, շարքային Հայկազ Մաթևոսյանը։ Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում զոհվածի ընտանիքին, հարազատներին և ծառայակիցներին ու վստահեցնում, որ շարունակելու ենք վճռականորեն աշխատել խաղաղության հաստատման ուղղությամբ։

Խստորեն դատապարտելով Ադրբեջանի քայլերը՝ միջազգային հանրության՝ առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ուշադրությունն ենք հրավիրում իրադրության հետագա սրումը կանխելու նպատակով Բաքվին սանձելու և կառուցողական դաշտ բերելու հրատապ անհրաժեշտության վրա»,-ասվում է հայտարարության մեջ։


Կարդացեք նաև: