ՕԵԿ-ը ապօրինի ազդեցություն է ունենում ընտրական հանձնաժողովների վրա

19.09.2018 | 17:41 | Slider, Քաղաքականություն

Ընտրական հանձնաժողովում աշխատանքը պետական ծառայություն է, որի համար վճարում է պետությունը: Ավելին, ընտրական հանձնաժողովի անդամը անկախ է և չի գործում որևէ կուսակցության շահերից և անգամ իրավունք չունի զբաղվել քարոզչությամբ: Սակայն «Օրինաց Երկիր» կուսակցությունը, չունենալով անգամ ընտրական հանձնաժողովի անդամ նշանակելու իրավունք, նշանակել է տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների և պահանջել, որ վերջիններս «ձայն բերեն» կուսակցության համար կամ հրաժարական տան:

Կոնկրետ դեպքը

«Իրազեկ քաղաքացիների միավորում» է դիմել ՕԵԿ անդամ Լուսինե Ջանոյանը, ով պատմել է, որ ինքն ու իր մայրը՝ Էլիզա Ջանոյանը, «Օրինաց Երկրից» նշանակված են եղել համապատասխանաբար 9/22 և 9/27 տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներ: Սակայն հետո, կուսակցության Երևանի ավագանու համամասնական ցուցակի 8-րդ հորիզոնականը զբաղեցնող Լիանա Մանուկյանը (ով հասարակությանը հայտնի է Ազատության հրապարակում իր էպիկ ելույթով) իրենց կանչել է և պահանջել հանձնաժողովի անդամի 55 հազար դրամ աշխատավարձի դիմաց «10 ձայն բերել» կամ ինքնաբացարկ հայտնել, որ այդ գումարը ստանան կուսակցության համար «ձայն բերողները»: Ջանոյանները հրաժարվել են քարոզել «Օրինաց Երկրի» համար, տվել են ինքնաբացարկի դիմումները և անգամ, ըստ իրենց, դուրս են եկել կուսակցությունից:

ՕԵԿ-ը խորհրդարանական խմբակցություն չունի, ինչը նշանակում է, որ այն չի կարող հանձնաժողովի անդամ նշանակել: Սակայն առանց մեծ ջանքերի պարզվեց, որ Ջանոյաններին նշանակել է 9-րդ տարածքային ընտրական հանձնաժողովը` հանձնաժողովի անդամ Արմեն Գրիգորյանի առաջարկությամբ: Իսկ քանի որ Ջանոյանները պնդում են, որ իրենց նշանակումն ուղղորդվել է ՕԵԿ-ի գրասենյակից, կարելի է եզրակացնել, որ տարածքային ընտրական հանձնաժողովի այդ անդամի գործողությունները ևս համակարգվում են «Օրինաց Երկրից» (ինչը, մեղմ ասած, ապօրինի է):

Դժվար է ասել, թե Երևանի ընտրություններում տարածքային ընտրական հանձնաժողովներից տեղամասային հանձնաժողովի անդամ նշանակված շուրջ 950 քաղաքացիներից քանիսի նշանակումն է համակարգվել ՕԵԿ-ի կամ այլ կուսակցությունների կողմից, բայց փաստ է, որ նման խնդիր կա:

Ավելին, բավականին խնդրահարույց է ահազանգն այն մասին, որ թեկնածուն ճնշում է գործադրում ընտրական հանձնաժողովների անդամների վրա և պահանջում անել քայլեր, որոնք ապօրինի են:

Նախապատմությունն ու գլոբալ խնդիրը

Ինչպես հայտնի է, տեղամասային ընտրական հանձնաժողովների 10 անդամներից 8-ը նշանակվում են խորհրդարանական կուսակցությունների, իսկ ևս 2-ը՝ տարածքային հանձնաժողովների կողմից: Տարածքային և կենտրոնական ընտրական հանձնաժողովները, ըստ օրենքի, գործում են «պրոֆեսիոնալ» սկզբունքի վրա: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրվում է Ազգային ժողովի կողմից, իսկ տարածքայինի անդամները` ԿԸՀ-ի կողմից:

2012 թվականից առաջ տարածքային և կենտրոնական հանձնաժողովները ևս կուսակցական սկզբունքով էին ձևավորվում: Սակայն փոփոխություններից հետո իր անդամներին փաստացի կորցրեց միայն «Ժառանգություն» կուսակցությունը: Չգրված համաձայնության արդյունքում ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու ՕԵԿ-ը պահպանեցին տարածքային և կենտրոնական հանձնաժողովների իրենց անդամներին, որոնցից շատերը առ այսօր աշխատում են (անգամ հանձնաժողովների վերաձևավորումից հետո):

Տարածքային հանձնաժողովներում աշխատող դե-ֆակտո կուսակցականները, առնվազն նախքան հեղափոխությունը, տեղամասային հանձնաժողովի անդամ էին առաջադրում իրենց կուսակցությունների անդամներին: Այդ մեխանիզմով, հաճախ, տեղամասային հանձնաժողովներում հայտնվում են «Օրինաց Երկիր» կուսակցության անդամները, թեև այդ կուսակցությունը 2017 թվականի ընտրություններից հետո այլև Ազգային ժողովում ներկայացված չէ:

Ըստ էության, այս անգամ ևս գործ ունենք նման մի մեխանիզմի հետ: Լուսինե և Էլիզա Ջանոյաններին տեղամասային հանձնաժողովի անդամի համար առաջադրել է 9-րդ տարածքային հանձնաժողովի անդամ Արմեն Գրիգորյանը, ով, հավանաբար, համապատասխան ցուցումները ստացել է «Օրինաց Երկիրց»:

Հ.Գ. «Իրազեկ քաղաքացիների միավորման» և ապա ԿԸՀ նախագահի միջնորդությունից հետո Ջանոյանները տարածքային հանձնաժողովի կողմից նորից նշանակվեցին իրենց ընտրական հանձնաժողովներում:


Կարդացեք նաև: