ԱԳ նախարար. ՀՀ-ն շարունակելու է ակտիվ ներգրավվածությունը ՀԱՊԿ-ում

03.08.2018 | 10:54 | Քաղաքականություն

Հայաստանը մեծապես կարևորում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հետագա ամրապնդումը և հանձնառու է շարունակելու իր ակտիվ ներգրավվածությունը ՀԱՊԿ-ում այդ նպատակով։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։

Ողջունելով հյուրին՝ նախարար Մնացականյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում երկու երկրների միջև ռազմական և ռազմատեխնիկական ոլորտում համագործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Զոհրաբ Մնացականյանը և Ալեքսանդր Ֆոմինը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության խորացման հեռանկարներին առնչվող հարցեր։ Երկուստեք գոհունակությամբ արձանագրվեց երկկողմ ամուր իրավապայմանագրային դաշտի առկայությունը։

Զրուցակիցներն ընդգծել են Հայաստանի և Ռուսաստանի միջև արդյունավետ ռազմական, ռազմատեխնիկական համագործակցության փորձը և զինված ուժերի համադրելիության բարձր մակարդակը։ Նախարար Մնացականյանը նշել է, որ Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսաստանյան ռազմակայանը տվյալ ոլորտում համագործակցության դրական և կարևոր օրինակներից մեկն է։

Հայաստանն ավելի վաղ առաջարկել էր ՀԱՊԿ գործընկեր երկրներին սկսել կազմակերպության գլխավոր քարտուղարին փոխելու գործընթացը։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին հուլիսի 26–ին մեղադրանք է առաջադրվել այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ սահմանադրական կարգը տապալելու մեջ «Մարտի 1»–ի գործով։ Հատուկ քննչական ծառայությունը միջնորդություն էր ներկայացրել նրա նկատմամբ կալանք կիրառելու համար։ Դատարանը որոշեց ազատ արձակել Խաչատուրովին 5 մլն դրամ գրավի դիմաց։ 


Կարդացեք նաև: