Մեր արտաքին քաղաքականությունը ոչ պրոարևմտյան, ոչ պրոռուսական, մենք պրոհայկական ենք. Փաշինյան

02.08.2018 | 11:59 | Քաղաքականություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի միջազգային ռադիոյի (RFI) հետ հարցազրույցում ասել է, որ Հայաստանում շարունակվում է հեղափոխությունը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նա այս մասին խոսել է՝ ի պատասխան լրագրողի հարցին, թե նախկինում լինելով լրագրող, ընդդիմադիր գործիչ ու ակտիվիստ, ինչպես է վարչապետն իրեն զգում պետական պաշտոնյայի դերում թավշյա հեղափոխությունից հետո:

«Ընդհանրապես հեղափոխությունները հիմնված են ընտրության վրա՝ կանգնել ինչ-որ պահի՞, թե շարունակել այն: Հայաստանի դեպքում մարդիկ էին, որ որոշեցին, թե ես ինչ պիտի անեմ: Ես հասկացա, որ եթե փորձեմ միայնակ որոշել իմ ապագա քայլերը, մարդկանց հուսախաբ անելու վտանգի տակ կհայտնվեմ: Այսօր մենք շարունակում ենք հեղափոխությունը: Մենք բարձրացրել ենք խնդիրներ, և մենք այստեղ ենք՝ դրանք լուծելու համար»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով արդարադատության համակարգում կոռուպցիան վերացնելուն՝  Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ կաշառք վերցնող դատավորները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ, իսկ չկոռումպացվածները՝ կաշխատեն ազատ ու անկախ: Նա նկատել է, որ վերջին տարիներին հարյուր հազարավոր գումարներ են ուղղվել արդարադատության համակարգի բարեփոխմանը: Կատարված աշխատանքներն այդ գումարները տրամադրած կառույցները որակել են որպես շատ արդյունավետ: Սակայն իրենք հասկանում են, որ համակարգում դեռևս կան չլուծված հարցեր:

Լրագրողը նկատել է, որ նոր կառավարությունում կանանց ներգրավվածության իմաստով ոչինչ չի փոխվել՝ 17 նախարարից միայն 2-ն են կին, ինչին ի պատասխան՝ վարչապետ Փաշինյանն ասել է. «Այս օրերին ես չորս կին փոխնախարար եմ նշանակել: Նախկինում թավշյա հեղափոխություն տեղի չի ունեցել երկու հիմնական ուժերի՝ կանանց ու երիտասարդության պասիվության պատճառով: Այս քաղաքական գործընթացներում կանանց մասնակցությունն աննախադեպ էր: Ես համոզված եմ, որ գալիք տարիներին կանանց դերն ավելի կարևոր կլինի քաղաքական գործընթացներում»,-նշել է Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով հայրենադարձությանը՝ վարչապետը նկատել է, որ աշխարհասփյուռ հայերի ներուժը կարող է օգտակար լինել ոչ միայն տնտեսական ու մշակութային ոլորտներում, այլև հանրային կառավարման համակարգում: Բայց կան օրենսդրական սահմանափակումներ, օրինակ, այն, որ անձը կարող է նախարար դառնալ միայն այն դեպքում, եթե նա ՀՀ քաղաքացի է և Հայաստանում է ապրել վերջին չորս տարին:  Ինչն, ըստ Նիկոլ Փաշինյանի, արդյունավետ կարգավորում չէ՝ հաշվի առնելով աշխարհում հայերի սփռվածության փաստը։ «Նրանց ներգրավվածության բարձրացումը կարող է լինել մեծ հայրենադարձության քայլերից մեկը»,-հավելել է նա:

Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է իր մոտեցումները, որ Հայաստանում իշխանափոխությունը չի կրում միջազգային համատեքստ, և Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորները շարունակում են մնալ նույնը: «Մեր նպատակը ազգային շահերը, երկրի ինքնիշխանությունն ու անկախությունը պաշտպանելն է: Մեր արտաքին քաղաքականությունը ոչ պրոարևմտյան, ոչ պրոռուսական, ոչ էլ այլ բան է: Մենք պրոհայկական ենք»,-ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ էլ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորն է, բայց դա չի նշանակում, թե բանակցային գործընթացում պետք է հանդես գա վերջինիս փոխարեն: Այդ իսկ պատճառով կարևոր է, որ Արցախը լինի բանակցային գործընթացի լիակատար մասնակից:

«Ես կարծում եմ, որ խնդրի կարգավորման հիմնական խոչընդոտը ոչ այնքան կախարդական բանաձևի բացակայությունն է, որքան բանակցային գործընթացից կողմերից մեկի բացակայությունը: Եթե Բաքուն իսկապես ուզում է, որ հակամարտությունը կարգավորվի, պետք է հետաքրքրված լինի, որ Լեռնային Ղարաբաղը վերադառնա բանակցային սեղան»:


Կարդացեք նաև: