Իտալիայի նախագահը պետական այցով ժամանեց Հայաստան

30.07.2018 | 15:44 | Slider, Քաղաքականություն

Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելան՝ դստեր Լաուրա Մատարելայի հետ պետական այցով ժամանեց Հայաստան: Ինչպես հաղորդում է

«Արմենպրես»-ը, օդանավակայանում նրան դիմավորեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Երկօրյա պետական այցն իրականացվում է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով:

Նախագահ Մատարելայի գլխավորած պատվիրակության կազմում են Իտալիայի արտաքին գործերի եւ միջազգային համագործակցության նախարար Էնցո Մոավերո Միլանեսին, պաշտոնատար այլ անձինք:

Հուլիսի 30-ին ՀՀ նախագահի նստավայրում տեղի կունենա Իտալիայի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին կհաջորդի նախագահներ Արմեն Սարգսյանի եւ Սերջիո Մատարելայի առանձնազրույցը, այնուհետեւ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը: Նախագահներ Սարգսյանն ու Մատարելան հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ:

Պետական այցի շրջանակում Իտալիայի նախագահը հանդիպումներ կունենա երկրի բարձրագույն ղեկավարության հետ, կհյուրընկալվի Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին:

Սերջիո Մատարելայի գլխավորած պատվիրակությունը կայցելի Մեծ Եղեռնի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին։ Հայաստանի եւ Իտալիայի նախագահների ներկայությամբ տեղի կունենա հայ-իտալական մշակութային ժառանգության պահպանության կենտրոնի բացման արարողությունը:


Կարդացեք նաև: