Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել. նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

27.07.2018 | 10:48 | Slider, Գլխավոր Նորություններ, Քաղաքականություն

ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության եթերում հայտարարեց, որ չի պատրաստվում հեռանալ Հայաստանից: Նա կեղծիք որակեց իր դեմ հարուցված քրգործը՝ նշելով, որ այն ռումբ է Հայաստանի պետականության տակ և մեծապես վնասում է բանակի հեղինակությունը:

«Ճանապարհներ փակելով եկել են իշխանության և խոսելով օրինականությունից՝ ծայրահեղ ապօրինի որոշում են կայացրել: Հիմա ասելու են՝ մենք կապ չունենք ՀՔԾ-ի հետ, միայն ՀՔԾ ղեկավարին փոխելուց հետո այսպիսի վիճակ առաջացավ»,-ասաց երկրորդ նախագահը:
Անդրադառնալով ՀՔԾ-ի կողմից իրեն մեղադրանք առաջադրելու դրդապատճառներին՝  Քոչարյանը նշեց. «Ես կարծում եմ՝ սրանով փորձում են կասեցնել իմ ակտիվ մասնակցությունը ապագա ընտրություններին, մարդիկ հասկանում են, որ միայն իմ օրոք է տնտեսական աճը աննախադեպ եղել: Ինձ փորձում են չեզոքացնեն հնարավոր քաղաքական գործընթացներից»:

Նախկին նախագահը թվեց իր ղեկավարման օրոք Հայաստանի տնտեսական ձեռքբերումները՝ ասելով. «Մարդիկ հիշում ու հասկանում են, որ նման բագաժով մարդը կարող է իրենց համար վտանգ լինի հնարավոր ընտրության ժամանակ: Ի դեպ, նախորդ իշխանությունը ևս մտահոգ էր: Իմ կերպարը հանգիստ չի տալիս: 10 տարի ես միշտ քննադատության եմ ենթարկվել նաև ՀՀԿ-ի կողմից: Այն հարցերը, որոնց հետ ես համաձայն չէի՝ քննադատում էի, երբ ես Կենսաթոշայինի պարտադիր համակարգի հետ, կամերաների, կարմիր գծերի, հայ-թուրքական արձանագրությունների հետ համաձայն չէի, ես արտահայտվում էի ու չէի կարող լռել:

Նրա խոսքով, ՀՔԾ կողմից իր նկատմամբ առաջադրված մեղադրանքը շինծու է, իրականության հետ որևէ կապ չունեցող, հիվանդ երևակայության արդյունք, պատմության վերափոխում ու նիհիլիզմ: Նա որոշումը որակեց որպես ծայրահեղ ապօրինի:

«Այս ամենն իրավական սյուրռեալիզմի տպավորություն է թողնում: Չի ճանաչվում սահմանադրական դատարանի որոշումը, չի ճանաչվում 2008-ի ընտրությունների արդյունքները, ըստ էության լայն զանգվածների դժգոհությունը փորձում են տեղափոխել իրավական դաշտ, և ըստ էության ստացվում է, որ 21,5 տոկոս հավաքած Լևոն Տեր-Պետրոսյանը հաղթել է 2008-ի ընտրություններում: Բովանդակության խտացված մասն այսքանն է: Այն իրականությունից շատ-շատ հեռու է, որևէ առնչություն չունի, սա ակնհայտ քաղաքական հետապնդում է, վենդետա է: Ես երբեք չեմ մտածել, որ մեր իրականության մեջ հնարավոր է նման շինծու գործ սարքել, փաստերի վերաբերյալ, որոնք  ակնհայտ էին, բոլորը տեսնում էին, որոնք ամբողջությամբ օրենսդրության ու սահմանդրության շրջանակում էին»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը:

Հիշեցնենք, որ ՀՔԾ տարածած հայտարարության համաձայն,  Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:


Կարդացեք նաև: