Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունը տեսանկարահանվելու է, բայց չի հրապարակվելու. ՀՔԾ պետ

26.07.2018 | 12:03 | Քաղաքականություն

Կառավարության նիստից առաջ լրագրողները ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանից հետաքրքրվեցին՝ արդյո՞ք Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը հարցաքննվել է, թե՞ ոչ: «Եթե քրեական գործով կլինի անհրաժեշտություն, կհիմնավորվի մեղավորություն, նա, անշուշտ, պատասխանատվության կենթարկվի»,- ասաց ՀՔԾ պետը:

Խաչատրյանը նշեց, որ Ռոբերտ Քոչարյանի հարցաքննության տեսանկարահանումը որոշելու է վարույթն իրականացնող մարմինը: «Տեսագրությունը համարվում է քրեական գործի բաղկացուցիչ մասը: Եթե նույնիսկ տեսագրվի, ապա չի նշանակում, որ այն հանրայնացվելու է: Այն կցվելու է քրեական գործին: Այո, ունենք որոշում, որ տեսագրվի»,- ասաց նա:

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է գաղտնի պահվում Մարտի 1-ի գործով քննչական խմբի նոր ղեկավարի անունը, Խաչատրյանը պատասխանեց, որ գաղտնի չէ: «Մեր քննիչներից մեկն է: Անունը չի հրապարակվում՝ ավելորդ ուշադրությունից զերծ պահելու համար»,- ասաց նա:

Հարցին՝ Քոչարյանն այսօր գալո՞ւ է հարցաքննության, ՀՔԾ պետը չպատասխանեց: Նա նաեւ չասաց, թե ով է 2-րդ նախագահին հարցաքննելու:


Կարդացեք նաև: