Մենք համարժեք ենք լինելու իրավիճակին. ՀՀ վարչապետը Արցախյան հիմնախնդրի մասին

25.07.2018 | 14:12 | Slider, Քաղաքականություն

Հայաստանի գործողությունները համարժեք են լինելու Ադրբեջանի հռետորաբանությանը: Այս մասին հուլիսի 25-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՀՀ ռազմաուսումնական հաստատությունների 2017-2018թթ. ուսումնական տարվա ավարտական միջոցառմանը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք կարծում ենք, որ խաղաղ, բանակցային ճանապարհով հարցի կարգավորումը կարևոր է ու հնարավոր, բայց ասում ենք նաև, որ դրա համար անհրաժեշտ է համապատասխան մթնոլորտ: Ցավոք սրտի, Ադրբեջանն իր գործողություններով և իր հռետորաբանությամբ խաթարում է խաղաղության մթնոլորտը և հնարավորությունը, ու մենք համարժեք ենք լինելու իրավիճակին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց վարչապետը:

Վարչապետի խոսքով` այս հարցի շուրջ որևէ դիրքորոշում կարծրացած չէ, եթե Ադրբեջանը վերանայի իր մոտեցումն ու նպաստի խաղաղության մթնոլորտի հաստատմանը, այդ դեպքում հայկական կողմը ևս համապատասխան ու համարժեք քայլեր կձեռնարկի: Ինչ վերաբերում է բանակցային գործընթացում Արցախի անունից բանակցելուն, ապա այս հարցի շուրջ Նիկոլ Փաշինյանի տեսակետը չի փոխվել:

«Մենք կարևոր ենք համարում Արցախի ներգրավումը բանակցային գործընթացում։ Ես կարող եմ բանակցել Հայաստանի Հանրապետության անունից, բայց չեմ կարող բանակցել ԱՀ անունից, որովհետև Արցախն ունի դրա համար ընտրված պաշտոնյաներ ու կառույցներ: Մենք պատրաստ ենք բանակցությունների ու նվիրված ենք հարցը խաղաղ ճանապարհով լուծելու ջանքերին, այստեղ երկու կարծիք լինել չի կարող»,- ասաց Փաշինյանը:


Կարդացեք նաև: