ՀՀ ԱԳ նախարարը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հարցը

19.07.2018 | 12:48 | Գլխավոր Նորություններ, Քաղաքականություն

Հուլիսի 18-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ:

ՀՀ ԱԳ նախարարը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին է ներկայացրել Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները՝ նշելով, որ կառավարության առաջնահերթությունները հստակ են․ ժողովրդի կողմից տրված լայն մանդատի հիման վրա իրականացնել բարեփոխումների գործընթացն արդարադատության, օրենքի գերակայության, սոցիալական և տնտեսական ոլորտում հավասար հնարավորությունների ընձեռման, կառուպցիայի դեմ պայքարի և բոլոր այն ուղղություններով, որոնք ընկած են ՀՀ կառավարության ծրագրի ու գործունեության հիմքում։

Արտահերթ ընտրությունների կամզակերպման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի համատեքստում նախարար Մնացականյանն ընդգծել է Հայաստանի իշխանությունների պատրաստակամությունն ընտրությունների պատշաճ կազմակերպման գործում սերտորեն համագործակցելու միջազգային գործընկերների, այդ թվում՝ ՄԱԿ-ի Զարգացման գործակալության հետ։ Անտոնիու Գուտերեշը վերահաստատել է, որ այս առումով ևս Հայաստանը կարող է հիմնվել ՄԱԿ-ի փորձառության ու աջակցության վրա։

Անդրադարձ կատարելով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը՝ նախարար Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո հակամարտության բացառապես խաղաղ հանգուցալուծմանը՝ նշելով, որ հայկական կողմի համար բանակցային գործընթացի առաջնայնություններն են Արցախի կարգավիճակը և անվտանգությունը:

Բանակցային գործընթացի առաջմղման համար նախարար Մնացականյանը կարևորել է խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորումը, զինադադարի անշեղ պահպանումն ու ագրեսիվ հռետորաբանությունից հրաժարվելը։

ՀՀ ԱԳ նախարարը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հանգամանալից քննարկել են ՄԱԿ-ի շրջանակներում Հայաստանի համագործակցությանն առնչվող հարցեր, անդրադարձել դրանց առավել խորացման ու ընդլայնման ուղղությամբ իրականացվող համատեղ քայլերին:


Կարդացեք նաև: