«Քամինգ աութներ» և նախադեպեր. Ի՞նչ տվեցին վերջին սկանդալները կառավարությունում

18.07.2018 | 11:41 | Slider, Top, Գլխավոր Նորություններ, Հասարակություն

Երեկ` հուլիսի 17-ին, հրաժարականի դիմումներ են ներկայացրել ՀՀ կառավարության երկու անդամներ, որոնց անունների շուրջ վերջին օրերին հասարակական լայն քննարկումներ էին ծավալվել:

Առաջինը, հուլիսի 16-ի երեկոյան իր հրաժարականի մասին հայտնեց ՀՀ առաջին փոխվարչապետի մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանը, որի խոսքերը` կապված ապրիլյան պատերազմի հերոսների հետ, առաջացրել էին հասարակության որոշ հատվածի դժգոհությունը: Փաշոյանը, մասնավորապես, մի քանի օր առաջ հարցազրույցներից մեկում կարծիք էր հայտնել, որ չարժե շահարկել ապրիլյան պատերազմի երիտասարդ հերոսների անունները: Սա որոշ կայքերի և ֆեյսբուքյան բլոգերների կողմից ներկայացվել էր որպես, մասնավորապես, Արցախի հերոս, ապրիլյանի ժամանակ զոհված Ռոբերտ Աբաջյանի սխրանքի արժեզրկում, ինչից հետո նույն Ֆեյսբուքում քննադատության մեծ ալիք բարձրացավ Փաշոյանի դեմ:

Հետաքրքրական է, որ իր հրաժարականի մասին գրառման մեջ Կարպիս Փաշոյանը նշում է, որ «պարզապես բանականությունը պարտվեց ռազմահայրենասիրական շիզոֆրենիային, կյանքը ցույց կտա, թե ովքեր են անարգում հերոսների հիշատակը»:

Մյուս օրն իր հրաժարականի մասին հայտնեց ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Գևորգ Աճեմյանը, որը սկանդալի կենտրոնում էր հայտնվել այն բանից հետո, երբ հայտարարել էր, որ «Կյանքի խոսք» կոչվող եկեղեցու անդամ է: Բացի դա, Աճեմյանը ոչ միանշանակ հայտարարություններ էր հնչեցրել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հասցեին, ապա և, ըստ մամուլի տեղեկությունների, փորձել էր միջամտել «Աշտարակ կաթ» ընկերության գործերին, որի նախկին սեփականատերը, ի դեպ, նույն եկեղեցու անդամ է:

Այս իրադարձությունները, հարկ է նշել, բացի այս պահին ունեցած հանրային հնչեղությունից, ունեն այլ կողմ ևս: Հայաստանի նախկին իշխանությունների օրոք բազմաթիվ պաշտոնյաններ պարբերաբար հայտնում էին տարաբնույթ, ընդհուպ` քրեական սկանդալների կենտրոնում, սակայն այսպես ասած «հրաժարականի ինստիտուտը», որպես այդպիսին, չէր աշխատում: Կարպիս Փաշոյանի և Գևորգ Աճեմյանի հրաժարականները նախևառաջ պետք է դիտարկել որպես նախադեպային լուրջ իրադարձություններ, երբ պետական պաշտոնյան, բախվելով հանրային ուժեղ քննադատության, ոչ թե շարունակ արդարանում է, թաքնվում մամուլից և հակաարշավներ սկսում` կառչած մնալով իր պաշտոնից, այլ պարզապես հեռանում է: Այս երևույթը տարածված է արևմտյան ժողովրդավար երկրներում, որտեղ պաշտոնյայի նույնիսկ հեռավոր ներգրավվածությունը որևէ սկանդալում կարող է հիմք հանդիսանալ նրա քաղաքական կարիերայի ավարտի համար: Սա, ինչ խոսք, ոչ միշտ արդարացի, սակայն թափանցիկության և հետագա պաշտոնյաների պատասխանատվության բարձրացման տեսանկյունից կարևոր երևույթ է:

Կարպիս Փաշոյանի և Գևորգ Աճեմյանի «միջադեպը» պետք է դիտարեկել նաև հենց պատասխանատվության տեսանկյունից: ՀՀ նոր կառավարությունը առավելապես կազմվում է երիտասարդ գործիչներից, որոնք շատ հաճախ կարող են շփոթել պետական գործչի պաշտոնական հայտարարությունները ֆեյսբուքյան քննարկումների հետ: Սա պետք է հստակ ազդակ լինի մյուսներին, որ ստանձնելով պետական պաշտոն, պետք է պատասխանատվություն կրեն ցանկացած հայտարարության համար, մանավանդ, որ նրանց ամեն քայլը գտնվում է հասարակական խոշորացույցի տակ և կարող է նույնիսկ շահարկվել տարբեր շերտերի կողմից:

Սա, սակայն, չի նշանակում, որ նորաթուխ երիտասարդ պաշտոնյաները պետք է հրաժարվեն իրենց գաղափարներից և սկզբունքներից, հակառակը` դրանցից հրաժարվելը կլինի ավելի մեծ անփորձություն: Հայաստանյան իրականության ներկա փուլում անհրաժեշտ է ուղղակի ավելի շատ աշխատել, քան հանդես գալ այսպես ասած «քամինգ աութներով» կամ հասարակության կողմից մեծ հավանականությամբ ոչ միանշանակ ընդունվող հայտարարություններով: Միայն այդպես է հնարավոր վաստակել ամենակարևոր կապիտալներից մեկը` բարի համբավը, որը կարող է էլ ավելի ամրապնդվել սեփական օրինակով ու սեփական հայացքներին հավատարմությամբ:


Կարդացեք նաև: