Սերժ Սարգսյանի եղբորորդին կալանավորվել է, նա փորձել է մեկնել Ֆրանսիա (ՎԻԴԵՈ)

12.07.2018 | 11:49 | Տեսանյութեր, Հասարակություն

ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր` Ալեքսանդր Սարգսյանի որդին` Հայկ Սարգսյանը կալանավորվել է։ Այս մասին հաղորդում է ոստիկանության մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է ոստիկանության հաղորդագրության մեջ, 2007 թվականի ապրիլի 1-ին՝ ժամը 19.00-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ թիկունքի մասում վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մի երիտասարդ։ Նույն օրը՝ ժամը 20:40-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին է եկել Երևանի բնակիչ Արթուր Ղևոնդյանը՝ ներկայացնելով 9մմ տրամաչափի ատրճանակ՝ լիցքավորված 6 փամփուշտով։

Ղևոնդյանը հայտնել է, որ ատրճանակը մայրաքաղաքի Թումանյան փողոցի թիվ 11Ա շենքի բակում գտել են ինքն ու հիվանդանոց տեղափոխված երիտասարդը։ Երբ վերջինիս ձեռքից փորձել է հրազենը վերցնել, կրակոց է արձակվել, ինչի հետևանքով էլ երիտասարդը վիրավորվել է։ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հավաստի օպերատիվ տվյալներ են ստացվել, որ 2007 թվականի ապրիլի 1-ին հիվանդանոց տեղափոխված երիտասարդը վիրավորվել է ոչ թե ատրճանակից պատահաբար արձակված կրակոցի հետևանքով, այլ նրա ուղղությամբ կրակել է Երևանի բնակիչ, 34-ամյա Հայկ Ալեքսանդրի Սարգսյանը։

«Նոր ի հայտ եկած հանգամանքների հիման վրա ՀՀ գլխավոր դատախազի կողմից վերացվել է 2007 թվականին հարուցված քրեական գործի կարճման որոշումը։ Հարուցվել է նոր քրեական գործ՝ սպանության փորձի հատկանիշներով», – նշվում է ոստիկանության հաղորդագրության մեջ։

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները, ՀՀ գլխավոր դատախազության և Քննչական կոմիտեի աշխատակիցների հետ համագործակցությամբ, ձեռնարկված ծավալուն հետախուզական միջոցառումների արդյունքում, Հայկ Սարգսյանին հուլիսի 4-ին հայտնաբերեցին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում և բերման ենթարկեցին գլխավոր վարչություն։

Սարգսյանը պատրաստվում էր լքել Հայաստանը՝ մեկնելով Ֆրանսիա։ Ոստիկանների օպերատիվ գործողությունների արդյունքում նրա մտադրությունը չիրականացվեց։ Հայկ Սարգսյանին ոստիկանները ներկայացրել են նախաքննական մարմնին։

Մեղադրանքի առաջադրումից հետո՝ հուլիսի 11-ին, դատարանի որոշմամբ նա կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։


Կարդացեք նաև: