Մնացականյան-Մամեդյարով ճանաչողական հանդիպումը տևել է չորս ժամ

12.07.2018 | 10:36 | Slider, Գլխավոր Նորություններ, Քաղաքականություն

Երեկ` հուլիսի 11-ին, Բրյուսելում կայացել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամադյարովի հանդիպումը:

Սա երկու երկրների արտգործնախարարների առաջին հանդիպումն էր Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո:

Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, հանդիպմանը ներկա էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին, Էնդրյու Շոֆերը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:

Ըստ ԱԳՆ հաղորդագրության, հանդիպումը կրում էր ճանաչողական բնույթ և միտված էր միմյանց տեսակետների հետ ծանոթացմանը:

Զոհրաբ Մնացականյանը հանդիպման ժամանակ ընդգծել է, որ բանակցային գործընթացն այլընտրանք չունի, և այս համատեքստում կարևորել է խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորմանը, փոխվստահության ամրապնդմանը, լարվածության նվազեցմանն ուղղված քայլերը, զինադադարի անշեղ պահպանումն ու ագրեսիվ հռետորաբանությունից հրաժարվելը։

Նա շեշտել է, որ հակամարտության բոլոր կողմերի իրատեսական ու կառուցողական ներգրավվածությունն առաջնային նշանակություն ունի տևական խաղաղության հասնելու ջանքերի արդյունավետության համար:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել  Ղարաբաղյան  հիմնահարցի  կարգավորման բանակցային գործընթացին առնչվող հարցերի շուրջ:

Համանախագահները Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին են ներկայացրել իրենց առաջիկա ծրագրերը: Անդրադարձ է կատարվել հետագա քայլերին։

Ադրբեջանական կողմի փոխանցմամբ, հանդիպումը տևել է շուրջ չորս ժամ:


Կարդացեք նաև: