Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել, հանդիպելու է Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ

11.07.2018 | 15:19 | Գլխավոր Նորություններ, Քաղաքականություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Բրյուսել: Հայկական պատվիրակության կազմում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանը, արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, Պնախարար Դավիթ Տոնոյանը և ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:

Այցի շրջանակներում ՀՀ վարչապետ Փաշինյանը հանդիպելու է Եվրամիության կառույցների ղեկավարների հետ, ինչպես նաև երկկողմ շփումներ է ունենալու մի շարք պետությունների և կառավարությունների ղեկավարների հետ:

Ծրագրով նախատեսված է հանդիպում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպելու է նաև Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ:

Բրյուսելյան այցի ընթացքում  վարչապետ Փաշինյանը Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի շրջանակներում մասնակցելու է Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցող ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը, որտեղ հանդես է գալու  ելույթով։

Տեղի է ունենալու նաև վարչապետի հանդիպումը ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգի հետ:

Նախատեսված է վարչապետ Փաշինյանի ելույթը Կարնեգի հիմնադրամում՝ փորձագիտական լայն շրջանակների համար:

Այցի ընթացքում ՀՀ վարչապետը հանդիպելու է նաև բելգիահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այցը կեզրափակվի հուլիսի 13-ին:


Կարդացեք նաև: