Սերժ Սարգսյանի եղբորորդու` Նարեկ Սարգսյանի թիկնապահը ներկայացել է ոստիկանություն

11.07.2018 | 15:41 | Հասարակություն

Կրասնոդար-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո հուլիսի 10-ին «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության է ներկայացել 1990 թվականին ծնված Արտեմ Պետրոսյանը:

Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, 28-ամյա երիտասարդը հուլիսի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) և 266-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) մեղադրանքներով:Խափանման միջոցը՝ կալանք:

Նշենք, որ Արտեմ Պետրոսյանը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանի թիկնապահն է, ով ևս հետախուզման մեջ էր:

Հիշեցնենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգյանի եղբայր` Սաշիկ Սարգսյանի որդի Նարեկ Սարգսյանը հետախուզման մեջ է: Նա հունիսի 22-ին իր թիկնապահ Արտեմ Պետրոսյանի հետ մեկնել է Մոսկվա՝ այնտեղից որևէ եվրոպական երկիր մեկնելու նպատակով: Ինչպես հայտնում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամլո ծառայությունը, Նարեկ Սարգսյանին պատկանող տարածքներից հայտնաբերվել են մեծ քանակությամբ թմրանյութեր, զենքեր ու կանխիկ գումար:


Կարդացեք նաև: