Բախումներ Ադրբեջանում, սպանվել է երկու ոստիկան, 40 հոգի բերման է ենթարկվել

11.07.2018 | 10:44 | Slider, Գլխավոր Նորություններ, Քաղաքականություն, Տարածաշրջան

Երեկ երեկոյան` հուլիսի 10-ին, Ադրբեջանի Գյանջա քաղաքում (նախկին Կիրովաբադ) բախումներ են տեղի ունեցել արմատականների և ոստիկանության միջև, ինչի հետևանքով զոհվել է երկու իրավապահ:

Ըստ ադրբեջանական պաշտոնական վարկածի, երեկ երեկոյան Գյանջայի ոստիկանության դիմաց հավաքվել են 150-200 ծայրահեղ կրոնականներ», որոնք այդպիսով իրենց աջակցությունն են հայտնել օրեր առաջ քաղաքապետ Էլմար Վելիևի դեմ մահափորձ իրականացրած անձին: Վերջինս ՌԴ քաղաքացի Յունիս Սաֆարովն է, որը, ըստ ադրբեջանական կողմի, նախկինում կռվել է Սիրիայում ահաբեկիչների շարքում:

Ադրբեջանի ոստիկանության հաղորդմամբ, Գյանջայի ոստիկանության դիմաց հավաքվածները զինված են եղել դանակներով և բութ առարկաներով, նրանք փորձել են կոպտորեն խախտել հասարակական կարգը, ինչի հետևանքով բախումներ են տեղի ունեցել ոստիկանության հետ:

Բախումների հետևանքով երկու ոստիկան զոհվել է, բերման է ենթարկվել 40 մարդ:

Հարկ է նշել, որ Գյանջայի քաղաքապետի դեմ մահափորձն Ադրբեջանի իշխանությունները բնորոշել են որպես ահաբեկչություն: Ըստ պաշտոնական վարկածի, ահաբեկչության գլխավոր նպատակն է եղել Ադրբեջանում իսլամական պետության ստեղծումը:


Կարդացեք նաև: