Հերթական մեմը՞. Տարոն Մարգարյանի հրաժարականի մասին լուրերը հերքվում են

09.07.2018 | 17:44 | Գլխավոր Նորություններ, Քաղաքականություն

Տարոն Մարգարյանը հրաժարական չի տվել, այսօր` հուլիսի 9-ին, Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության հետ հանդիպմանը նա հրաժարականի մասին չի խոսել:

Այս մասին, «Արմենպրեսի» փոխանցմամբ, հայտնել է ՀՀԿ խմբակցության անդամ Ռոզա Սիրունյանը:

«Նա ընդամենը շնորհակալություն է հայտնել համատեղ գործունեության համար»,-մասնավորապես, ասել է Ռոզա Սիրունյանը: Լրագրողների ճշտող հարցին, թե նրա խոսքում եղե՞լ են հրաժեշտի շեշտադրումներ, Ռոզա Սիրունյանը նշեց, որ ոչ:

Նշենք, որ այսօր բազմաթիվ լրատվականներ, հղումով իրենց լավատեղյակ աղբյուրներին, գրում էին, որ Տարոն Մարգարյանը ՀՀԿ խմբակցության հետ հանդիպմանը հայտնել է հրաժարական տալու մասին, և որ առաջիկա ժամերին պետք է հրապարակվեր հրաժարականի տեքստը:

Տարոն Մարգարյանի հրաժարականի մասին տեղեկություններ վերջին շրջանում հայտնվում են պարբերաբար: Սոցցանցերի հայկական հատվածում Մարգարյանի հրաժարականի մասին մեմերը մեծ տարածում են ստանում:


Կարդացեք նաև: