Հանրայինը 168 միլիոն դրամի իրականությանը չհամապատասխանող ծախսեր է արել. Հարուցվել է քրգործ

04.07.2018 | 14:01 | Գլխավոր Նորություններ, Կոռուպցիա

Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում խոշոր ֆինանսական չարաշահումներ են բացահայտվել, որոնց հիման վրա ՀՀ դատախազություն քրեական գործ է հարուցվել: Գործի նախաքննությունը հանձնվել է Քննչական կոմիտեին:

Մասնավորապես, ինչպես հայտնում է Գլխավոր դատախազության մամլո ծառայությունը, տուգման արդյունքների և դրան առնչվող պահանջված փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն դրամաշնորհային պայմանագրերով պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին 2015-2016 թվականներին տարբեր կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի հետ կնքել է ընդհանուր առմամբ շուրջ 2 մլրդ. 400 մլն. դրամի պայմանագրեր՝ հեռուստահաղորդումների, ֆիլմերի, հաղորդաշարերի ձեռքբերման և այդ հաղորդումների պատրաստման համար տեխնիկական միջոցների վարձակալման համար:

Ընտրանքային ուսումնասիրությամբ պարզվել է, որ ֆիլմերի կամ հաղորդաշարերի ձեռքբերման նպատակով կնքված ընդհանուր 118 մլն 223 դրամի թվով 4 պայմանագրերով կազմվել և օգտագործվել են իրականությանը չհամապատասխանող կամ կեղծ նախահաշվային փաստաթղթեր: Մասնավորապես՝ հաստատվել են աշխատանքներ կատարող կամ ծառայություն մատուցող ընկերությունների բազմաթիվ աշխատակիցների կամ մասնագետների առկայություն և դրանց համար ծախսերի հաշվարկներ: Մինչդեռ ՀՀ ԿԱ ՊԵԿ-ից ստացված տվյալների համադրությամբ պարզվել է, որ նշված տնտեսվարող սուբյեկտները կամ ընդհանրապես գրանցված աշխատակիցներ չեն ունեցել, կամ դրանց թվաքանակը եղել է զգալիորեն պակաս:

Բացի այդ, հեռուստահաղորդումների ձեռքբերման նպատակով կնքված պայմանագրերում, տեխնիկայի տրամադրում չնախատեսելու պայմաններում, ՓԲԸ-ն 2 դեպքում երրորդ անձանց հետ կնքել է տեխնիկայի վարձակալության ընդհանուր 30 մլն. 500 հազ. դրամի պայմանագրեր՝ կատարելով չհիմնավորված, հավելյալ ծախսեր:

Հեռուստաարտադրության և տեխնիկական միջոցների վարձակալության պայմանագրերը կնքվել են չնայած նրան, որ ՓԲԸ-ն ունեցել է ռեժիսորական, հեռուստաօպերատորական, արտատաղավարային նկարահանումների և լուսային ապահովման բաժիններ՝ համալրված 50-ից ավելի մասնագետներով և հարյուրավոր միավորներ տարբեր անվանումների հեռուստաարտադրության տեխնիկական անհրաժեշտ միջոցներով:

Մի շարք դեպքերում հեռուստաարտադրության և տեխնիկական միջոցների վարձակալության պայմանագրերի կողմեր են հանդիսացել ընկերություններ, որոնց հիմնադիրները եղել են (հետագայում մասնակցությունը դադարեցրել են) ՀՀ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդում կամ «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերությունում պաշտոն զբաղեցնող անձինք:

Բացի այդ, 2015-2016թթ. թվով 4 շինարարական կազմակերպությունների հետ կնքվել են ընդհանուր շուրջ 471 մլն. 625 հազար դրամի պայմանագրեր, որոնցով կապալառու կազմակերպությունների և տեխնիկական հսկողություն իրականացնող անձանց կողմից կազմվել է իրականությանը չհամապատասխանող կամ կեղծ փաստաթղթեր՝ կատարողական կամ ընդունման ակտեր, որոնցով ցույց են տրվել ընդհանուր 8 մլն. 800 հազ դրամի շինարարական աշխատանքներ, որոնք վճարվել են, սակայն իրականում չեն կատարվել:

Այսպիսով, ուսումնասիրությամբ արդեն իսկ պարզվել է, որ «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ կողմից պետության բյուջետային միջոցներով 2015-2016 թվականներին իրականացված շուրջ 168.5 մլն. դրամի ծախսերը կատարվել են իրականությանը չհամապատասխանող կամ կեղծ նախահաշվային փաստաթղթեր, կատարողական ակտեր կազմելով և օգտագործելով, ուռճացված, անհիմն ծախսեր հաշվարկելով և վճարելով:

Ըստ այդմ, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,  214-րդ հոդվածի 2-րդ մասով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:


Կարդացեք նաև: