Բանկային համաներում Հայաստանում. 100 հազար մարդ կազատվի վատ պատմությունից

03.07.2018 | 19:32 | Գլխավոր Նորություններ, Տնտեսություն

Հայաստանում կզրոյացվեն շուրջ 100 հազար քաղաքացիների վարկային պատմությունները, և նրանք կկարողանան նոր վարկեր ստանալ բանկերից:

Այս մասին այսօր` հուլիսի 3-ին, ՀՀ կառավարության մամլո ծառայության փոխանցմամբ, հայտնել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած, բանկերի ղեկավարների մասնակցությամբ տեղի  ունեցած խորհրդակցության արդյունքում:

Ըստ Նիկոլ Փաշինյանի, երկրում իրականացվել են օրենսդրական փոփոխություններ, որոնք հնարավորություն են տալու բանկային դաշտում որոշակի դրական փոփոխությունների հասնել, փակուղային իրավիճակում գտնվող վարկերը դարձնել սպասարկելի ու կառավարելի:

Արթուր Ջավադյանը տեղեկացրել է, որ գյուղացիական վարկեր տրամադրող բոլոր բանկերը պատրաստակամություն են հայտնել զիջել մինչեւ 2018 թվականի հունիսի 1-ը կուտակված գյուղվարկերի տույժ-տուգանքները, ինչից կկարողանան օգտվել ավելի քան 100 հազար քաղաքացիներ: Արթուր Ջավադյանի խոսքով՝ այս քաղաքացիները հնարավորություն կստանան օգտվել ֆինանսական նոր ծառայություններից: ԿԲ նախագահը նշել է, որ աշխատանքներ են տարվում նաև վարկային կազմակերպությունների հետ՝ նույնպիսի գործընթաց սկսելու համար:

«Գյուղացին պետք է կոմունիկացիայի մեջ լինի բանկի հետ, որպեսզի յուրաքանչյուր իրավիճակ անհատական քննարկվի: Կարծում եմ՝ այստեղ ձեր ճկունություն ցուցաբերելու պատրաստակամությունը կարեւոր է: Յուրաքանչյուր վարկառուի իրավիճակը վերլուծելով, հասկանալով՝ հնարավորություն կլինի նրան առաջարկել այնպիսի պայմաններ, որպեսզի քաղաքացին կարողանա սպասարկել վարկը: Այս պրոցեսն իր իրական նպատակին ու արդյունքին կհասնի, եթե իսկապես կարողանանք այսպիսի արդյունքի հասնել: Սա բանկային համակարգի համար էլ կունենա առողջացման նշանակություն: Սա և՛ պետությանը, և՛ վարկառուին, և՛ բանկերին ձեռնտու պրոցես է: Սրա էֆեկտներն անհատական չեն լինելու, այլ շատ ավելի լայն են լինելու»,- ասել է վարչապետ Փաշինյանը:


Կարդացեք նաև: