ՀՀ ԱԳՆ-ն արձագնքում է ռուս փորձագետների` Ադրբեջանում արած հայտարարություններին

02.07.2018 | 12:47 | Գլխավոր Նորություններ, Քաղաքականություն, Տարածաշրջան

ՀՀ արտգործնախարարությունն արձագանքել է Ադրբեջանում անցկացված «Ադրբեջանը Հարավային Կովկասում Ռուսաստանի միակ դաշնակիցն է» խորագրով համաժողովին, որի ընթացքում մի խումբ ռուս փորձագետներ և պատգամավորներ հանդես էին եկել ադրբեջանահաճո հայտարարություներով:

ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանի խոսքով, մասնավորապես, ռուս փորձագետների այցն ավելի շատ հետևանք է դարձել Ադրբեջանի համար:

«Փորձում էին շոու սարքել, որը տապալվեց», – ասել է Տիգրան Բալայանը:

Նրա խոսքով, Ադրբեջանի հաշվին ճամփորդող փորձագետները չէին կարող այլ հայտարարություններ անել: Բալայանը նաև չի բացառել, որ ռուս փորձագետների հայտարարությունները գրվել են այլ վայրում:

«Դուք կարծում եք, որ Ադրբեջանի հաշվին ճամփորդող ռուս փորձագետները պետք է գնային շփման գիծ ու այլ հայտարարություն անեի՞ն: Պարզ է, որ այդ ամեն ինչը բեմականացված էր, թատերական ներկայացում, որի նպատակը հենց այդ հայտարարություններն էին: Չեմ կարող վստահությամբ պնդել, բայց ես նույնիսկ կարծում եմ, որ այդ արված հայտարարությունները, ձևակերպումները, որոնք Ադրբեջանի լրատվամիջոցները ոգևորությամբ տարածում էին, գրվել են այլ տեղ և տրվել են փորձագետներին ընդամենը հնչեցնելու համար», – ասել է Բալայանը:

ՀՀ ԱԳՆ խոսնակը նաև հիշեցրել է, որ թե′ Հայաստանի հետ հարաբերությունների հարցում, թե′ Ղարաբաղյան հակամարտության հետ կապված Ռուսաստանի դիրքորոշումը հայտնի է ու պարբերաբար վերահաստատվում է բարձրագույն մակարդակով:

Նշենք, որ Ադրբեջանում վերոնշյալ համաժողովին մասնակցել էին ՌԴ Պետդումայի պատգամավոր Դմիտրի Սավելևը, Միջազգային եվրասիական շարժման ղեկավար Ալեքսանդր Դուգինը, լրագրող Մաքսիմ Շևչենկոն և ռազմական փորձագետ Իգոր Կորոտչենկոն:


Կարդացեք նաև: