ԱԱԾ-ն բացահայտումներ է արել բանակում. Գողացել են վառելիք ու պահեստամասեր

21.06.2018 | 12:52 | Գլխավոր Նորություններ, Կոռուպցիա, Հասարակություն

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը նոր աղմկոտ բացահայտումներ է կատարել: Խոսքը, մասնավորապես, գնում է ՀՀ ԶՈՒ առանձին զորամասերում պաշտոնական դիրքի զարաշահմամբ կատարված յուրացումների մասին. վաճառվել են զորամասերի վառելիքն ու պահեստամասերը:

Ըստ այդմ, ԱԱԾ ռազմական հակահետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 2018 թվականի հունիսի 11-ին և 12-ին ՀՀ զինված ուժերի առանձին զորամասերում բացահայտվել են պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով յուրացումների դեպքեր:

Պարզ է դարձել, որ 2017 թվականի դեկտեմբեր ամսից մինչև 2018 թվականի հունիսը N զորամասի մի քանի ստորաբաժանումների հրամանատարներ դուրս են գրել և յուրացրել մեծ քանակությամբ վառելանյութ:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ զորամասի վառելիքաքսուքային նյութերի ծառայության պետը համաձայնության գալով զորամասի ղեկավարության հետ, վառելիքը մաս-մաս դուրս է բերել զորամասից և վաճառել տարածաշրջանում գործող լցակայանների սեփականատերերին: Այնուհետ վաճառքից գոյացած գումարի մեծ մասը փոխանցվել է զորամասի հրամանատարին, իսկ մնացածը՝ բաշխվել է ստորաբաժանումների հրամանատարների միջև:

Ազգային անվտանգության ծառայությունը ստացված օպերատիվ տվյալների հիման վրա վառելանյութի հերթական խմբաքանակի վաճառքի պահին բերման է ենթարկել լցակայաններից մեկի սեփականատիրոջն ու զորամասի վառելիքաքսուքային նյութերի ծառայության պետին:

Զինծառայողների կողմից թույլ տրված մեկ այլ անօրինական գործողությունների դեպքով, փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2018 թվականի հունվար-հունիս ամիսներին ՊՆ N զորամասի նյութական ապահովման համար պատասխանատու զինծառայողները, թույլ տալով պաշտոնեական դիրքի չարաշահում ՝ նորոգման համար զորամաս ուղարկված ՀՀ զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների ավտոմոբիլային տեխնիկական պահեստամասերն, այդ թվում՝ շարժիչներ, փոխանցման տուփեր, անվադողեր և ընթացամասեր, նախապես մշակված հանցավոր սխեմաների միջոցով, ներկայացրել են իբրև հետագա շահագործման համար ոչ պիտանի և վաճառել ավտոպահեստամասերի առք ու վաճառքով տարբեր անձանց,իսկ ստացված գումարները յուրացրել:

Նույն պաշտոնատար անձինք, թույլ տալով ծառայության շահերին հակասող գործողություններ, առանձին ռազմական տեխնիկայի վերանորոգման համար դուրս գրված նոր պահեստամասերը վաճառել են և դրանց փոխարեն տեխնիկաների վրա տեղադրել օգտագործված պահեստամասեր:

Հարուցվել են քրեական գործեր, կատարվում է նախաքննություն:


Կարդացեք նաև: