Խուզարկություններ «Յանսում», առգրավվել են ատրճանակներ և մեկ միլիոն դոլար

21.06.2018 | 10:20 | Գլխավոր Նորություններ, Կոռուպցիա, Հասարակություն

Այսօր առավոտյան` հունիսի 21-ին, ՀՀ քննչական կոմիտեն տարածել է հաղորդագրություն, համաձայն որի, մեծածավալ քննչական գործողություններ են իրականացվել` կապված ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր` Սաշիկ Սարգսյանի անվան հետ կապվող  «Յանս» ռեստորանում:

Մասնավորապես, ՔԿ-ից հայտնում են, որ չարաշահումներն ի հայտ են եկել «Սելենա» ՍՊԸ-ին պատկանող «Յանս» ռեստորանային համալիրի տնօրինության կողմից 2017թ. կատարված ներքին ստուգումների արդյունքում, որոնցով պարզվել է, որ ռեստորանի հաշվապահը և մենեջերը պատվերների ծավալների ու գումարների տվյալները փոփոխելու եղանակով պատճառել են շուրջ 25 միլիոն դրամի նյութական վնաս, որից 6 միլիոնն ավելի ուշ հաշվապահը վերադարձրել է ընկերության տնօրենին:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով «Սելենա» ընկերության «Յանս» ռեստորանային համալիրի տարածքում գործող ակումբի, բացօթյա սրճարանի գործունեությանն առնչվող և դրա իրական ծավալներն արտացոլող հաշվապահական հաշվառման փաստաթղթերը, ինչպես նաև դրանց վերաբերյալ տվյալներ պարունակող համակարգչային և տեխնիկական այլ սարքերն ու սարքավորումները, էլեկտրոնային կրիչները հայտնաբերելու նպատակով 2018թ. հունիսի 20-ին, օրենքով սահմանված կարգով, խուզարկություններ են կատարվել «Սելենա» ՍՊ ընկերության տնօրեն Ս.Կարապետյանի, «Սելենա» ՍՊԸ-ի փաստացի սեփականատեր Ռ.Բեգլարյանի բնակության վայրերում, «Յանս» ռեստորանային համալիրի տարածքում:

Կատարված խուզարկությունների ժամանակ հայտնաբերվել և առգրավվել են հաշվապահական փաստաթղթեր, համակարգիչներ, էլեկտրոնային կրիչներ, բացի այդ, հայտնաբերվել է 2 ատրճանակ՝ փաստաթղթերով և ավելի քան 1 մլն ԱՄՆ դոլար։


Կարդացեք նաև: