Մանվել Գրիգորյանը 2 ամսով կալանավորվեց

20.06.2018 | 10:18 | Հասարակություն

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում որոշվեց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի նկատմամբ  խափանման միջոց կիրառել երկամսյա կալանքը: Դատավոր Մարինե Մելքոնյանը բավարարեց դատախազության միջնորդությունը:

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ: Այս արարքը պատժվում են ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով:

Ինչպես նաեւ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով: Այս հոդվածով նախատեսվում է պատիժ չորսից ութ տարի ժամկետով ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Հիշեցնենք, որ  երեկ Ազգային ժողովը բավարարեց Գլխավոր դատախազի միջնորդությունը՝ քրեական հետապնդում իրականացնել եւ ազատությունից զրկել Մանվել Գրիգորյանին:

Հայաստանի ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է ԱԱԾ աշխատակիցների կողմից Էջմիածնում հունիսի 16–ին։ Գեներալ Մանվելի տանն անցկացված խուզարկությունների ընթացքում նրա տանը և նրան պատկանող տարածքներում հայտնաբերվել է մեծ քանակության զենք ու զինամթերք, ինչպես նաև Արցախյան ապրիլյան պատերազմի կարիքների համար նախատեսված օգնություն։ 

 


Կարդացեք նաև: