ՊՆ-ն զինվորի համար ուղարկված օգնության յուրացման հետ կապ չունի. Արծրուն Հովհաննիսյան

18.06.2018 | 18:03 | Գլխավոր Նորություններ, Քաղաքականություն

Հայաստանի պաշտպանության նախարարությունը կապ չունի պրիլյան պատերազմի օրերին արտերկրից ուղարկված օգնության, դպրոցականների ուղարկած ծանրոցների յուրացումների հետ:

Այս մասին այսօր` հունիսի 18-ին, հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը` պարզաբանելով ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ ղեկավար գեներալ Մանվել Գրիգորյանի հետ կապված բացահայտումները:

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքների խուզարկության արդյունքում հայտնաբելեր էր ապօրինի պահվող զենք-զինամթերք, ինչպես նաև բանակի համար նախատեսված օգնության և ՊՆ ապրանքների պահուստներ:

Անդրադառնալով Մանվել Գրիգորյանի առանձնատանը հայտնաբերված զենք զինամթերքին` ՊՆ մամուլի քարտուղարը նշել է, որ դրանք չեն հատկացվել ՊՆ կողմից: Հովհաննիսյանի խոսքով, գեներալի մոտ հայտնաբերված որոշ զինատեսակներ ոչ մի կերպ չէին կարող լինել օրինական:

Ինչ վերաբերում է հայտնաբերված` զինվորների համար նախատեսված ՊՆ համար արտադրված մթերքների և պիտույքների առկայությանը Գրիգորյանի տանը, ապա խոսնակն ասել է, որ երկու հիմնական ճանապարհ կա` ԵԿՄ-ն 20 և ավելի տարի ակտիվ պահեստազորի ամենամյա բանակումներ է իրականացնում, որի ժամանակ դիմում է Պաշտպանության նախարարությանն ու ստանում տարբեր տեսակի պիտույքներ:

«Երկրորդ ճանապարհն էլ` գիտեք, որ ապրիլյան պատերազմի ընթացքում եղել են կամավորական խմբեր, որոնք եղել են Արցախում և ՊԲ պաշտոնական մատակարարման վրա են եղել, այսինքն՝ հստակ ստացել են սնունդ, հանդերձանք և այլն: Թե կոնկրետ այս երկու ճանապարհներից որ մի մասի պիտույքների, սնունդի և մնացած իրերի մասին է խոսքը, որոնք գտել են, չեմ կարող ասել, ցույց կտա քննությունը»,- մասնավորապես, ասել է Արծրուն Հովհաննիսյանը:


Կարդացեք նաև: