Գլխավոր դատախազը դիմում է Նիկոլ Փաշինյանին. Նշվում է միայն ապօրինի զենքերի մասին

18.06.2018 | 12:17 | Գլխավոր Նորություններ, Քաղաքականություն

Հայաստանի գլխավոր դատախազ  Արթուր Դավթյանը դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ գեներալ Մանվել Գրիգորյանին ազատությունից զրկելու թույլտվություն ստանալու համար ԱԺ արտահերթ նիստ գումարելու հարցով:

«ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը քննարկելու օրակարգով ՀՀ կառավարության նախաձեռնությամբ Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու համար»,- ասվում է դատախազության հայտարարությունում:

Բացահայտումներ գեներալ Մանվելի տանը. Նրան կտանե՞ն ԱԺ

Հայտարարությունում նշվում է, սակայն, որ Մանվել Գրիգորյանի հարցով գլխավոր դատախազի միջնորդությունը կապված է միայն ապօրինի զենք-զինամթերքի գործով, այնինչ ԱԱԾ հրապարակած նյութերից հետևում է, որ գեներալը հափշտակել է զինվորների համար ապրիլյան պատերազմի ժամանակ ուղարկված օգնությունը, ինչպես նաև ՊՆ-ի` միայն զինվորների համար նախատեսված ապրանքները:

Հայտարարությունում նշվում է նաև, որ ելնելով քրեական գործով բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հունիսի 17-ին քրեական գործը վերցրել է ՀՀ ԱԱԾ քննչական վարչության վարույթից և հանձնել ՀՀ ՀՔԾ վարույթին, ինչպես նաև հանձնարարվել է երկու ծառայությունների քննիչներից ստեղծել քննչական խումբ և շարունակել նախաքննությունը:


Կարդացեք նաև: