Բացահայտումներ գեներալ Մանվելի տանը. Նրան կտանե՞ն ԱԺ

18.06.2018 | 07:07 | Slider, Գլխավոր Նորություններ, Կոռուպցիա, Հասարակություն, Քաղաքականություն

Վերջին օրերին և հատկապես երեկվանից` հունիսի 17-ից, Հայաստանում թիվ մեկ քննարկվող թեման էջմիածնում տեղի ունեցող իրադարձություններն են:

Երեկ երեկոյան Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հրապարակեց կադրեր էջմիածինցի գեներալ Մանվել Գրիգորյանի առանձնատնից և հայտնեց, որ Գրիգորյանը կասկածվում է ոչ միայն ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ, այլև բանակի համար երեխաների կողմից ուղարկված օգնությունը յուրացնելու, ՊՆ-ի համար նախատեսված գույքը և ապրանքները յուրացնելու մեջ:

Տեսանյութերից պարզ դարձավ, որ Մանվել Գրիգորյանն իրեն պատկանող տարածքներում մեծ քանակությամբ «Զինվորի բաժին» շոգեխաշած մսի պահածոներ ունի, որոնք օգտագործվում են արջերին կերակրելու համար: Պարզվեց նաև, որ երեխաների հուզիչ նամակներով օգնությունների արկղերը, որոնք ուղարկվել էին ապրիլյան պատերազմի օրերին, ոչ թե հասել են հասցեատերերին, այլ հանգրվանել են Գրիգորյանի տանը:

ՀՀ ԱԱԾ կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումներ

ԱԱԾ. ապրիլյան քառօրյա պատերազմի զինվորների համար նախատեսված սնունդը Մանվել Գրիգորյանն օգտագործել է սեփական կենդանիներին կերակրելու նպատակով…

Posted by Armenpress on Sunday, June 17, 2018

Տեղի ունեցողի վերաբերյալ ավելի վաղ Facebook-ում խոսել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն ասել էր, որ երբեք կոմպրոմիսի չի գնալու կոռուպցիայի հետ և եթե մարդ նույնիսկ Արցախի հերոս է, պետք է պատասխան տա զինվորի բաժինը գողանալու համար:

Կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու։ Իսկ Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է ոչ միայն ապօրինի զենք-զինամթերք պահելու, այլեւ զինվորի բաժինը գողանալու կասկածանքով։ Այդ թվում 2016 թվականի ապրիլյան պատերազմի ընթացքում դպրոցականների ուղարկած օգնությունը գողանալու։

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Sunday, June 17, 2018

Նշենք, որ ՀՀ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է շաբաթ օրը: Նրան անձեռմխելիությունից զրկելու և կալանքը շարունակելու համար Գրիգորյանին պետք է բերեն Ազգային ժողով: Թե ինչպե՞ս կվարվի Մանվել Գրիգորյանի խմբակցությունը` հայտնի չէ: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Facebook-ում գրել է, որ եթե պարզվի, որ Գրիգորյանին առաջադրված մեղադրանքները ճիշտ են, ապա դա անձնական ողբերգություն կլինի իր համար:

Երեկ երեկոյան հայտնի դարձավ նաև, որ էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը` Մանվել Գրիգորյանի որդին, հայտնել է հրաժարականի մասին: Մինչ այդ արդեն մի քանի օր քաղաքում ընթանում էին նրա հրաժարականը պահանջող բողոքի ակցիաներ: Քաղաքացիների մի խումբ, սակայն, հանդես էր գալիս ի պաշտպանություն Գրիգորյանների:


Կարդացեք նաև: