Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը RT-ին. Համառոտ կարևորի մասին

15.06.2018 | 15:11 | Slider, Քաղաքականություն

Երևանի և Մոսկվայի երկխոսությունը զարգանում է շատ կառուցողական, երկրների միջև որևէ քաղաքական հակասություններ չկան: Այս մասին Russia Today հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով, սակայն, երբեմն իրերի ընթացիկ դրությունը փորձ է արվում ներկայացնել այլ լույսի ներքո:

«Հայաստանն ու Ռուսաստանն ինքնիշխան երկրներ են. Ես կարծում եմ, որ շատ հարցերում մեր երկրների շահերը համապատասխանում են, բայց կարող են լինել որոշ նրբություններ, որտեղ կարող են և չհամապատասխանել: Կարևորն այն մթնոլորտն է, որում այդ հարցերը կքննարկենք: Ես կարծում եմ, որ կկարողանանք համաձայնության գալ»,- ընդգծել է Փաշինյանը:

Պատասխանելով հարցին, թե ինչպես են դասավորվել իր անձնական հարաբերությունները Վլադիմիր Պուտինի հետ,  Փաշինյանն ասել է. «Մենք շատ լավ, ուղիղ հարաբերություններ ունենք: Եւ այդ հարաբերությունները ձևավորվել են առաջին իսկ րոպեներից: Ես կարող եմ ասել, որ մեր հարաբերությունները զուրկ են մութ անկյուններից: Դա շատ կարևոր է: Մենք ամեն ինչ ուղիղ ենք քննարկում: Բոլոր հարցերը ուղիղ ենք դնում: Եւ ուղիղ ենք պատասխանում դրանց: Վլադիմիր Վլադիմիրովիչն այդպիսի մարդ է: Ինչպես ես հասկանում եմ, շփվելու այդպիսի ոճը շատ հարմար է նրա համար, և անկեղծ ասած, ինձ համար նույնպես: Ես կարող եմ ասել, որ մեր հարաբերությունները զարգանում են արագ և շատ կառուցողական»:

Հարցազրույցի ընթացքում ՀՀ վարչապետը, պատասխանելով գազի գների մասին հարցին, ասել է, որ դա ներհայկական թեմա է:

«Որովհետև սահմանին Հայաստանն էժան գազ է ստանում Ռուսաստանից, բայց սահմանից մինչև սպառողի տունն ընկած ճանապարհին այն կրկնակի թանկանում է: Այս հարցը մենք պետք է քննարկենք և հասկանանք Հայաստանի ներսում: Սա չի վերաբերում Ռուսաստանի հետ մեր հարաբերություններին»,- ասել է Փաշինյանը` հավելելով, որ Ռուսաստանի հետ բանակցություններում Հայաստանը հույս ունի ստանալ էլ ավելի էժան գազ:

Անդրադառնալով Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացմանը` Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Եվրամիության երկրներում վավերականացման գործընթացն արդեն սկսվել է:

«Այս գործընթացը Հայաստանում տեղի է ունենում արդեն 20 տարուց ավել: Իհարկե, մենք զարգացնելու ենք մեր հարաբերությունները Եվրամիության հետ: Բայց դա տեղի չի ունենա Ռուսաստանի հետ հարաբերությունների հաշվին: Սա մեր քաղաքականությունն է: Այսինքն, մենք, իհարկե, զարգացնելու ենք մեր հարաբերությունները Եվրամիության հետ, Միացյալ Նահանգների հետ, Իրանի հետ, Վրաստանի հետ, միջազգային իրավունքի այլ սուբյեկտների հետ, այլ պետությունների հետ: Այդ զարգացումը ոչ մի կերպ տեղի չի ունենալու հայ-ռուսական հարաբերությունների հաշվին, իսկ հայ-ռուսական հարաբերությունները չեն զարգանալու այլ հարաբերությունների հաշվին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույցի ընթացքում բացառել է Հանրապետական կուսակցության վերադարձը իշխանության:

«Նրանք երբեք քեմբեք չեն ունենա: Կարող են լինել այլ կուսակցություններ, ուժեր, որոնք կարող են հաղթել ընտրություններում: Դա, իհարկե, կախված չէ ինձնից, որովհետև ժողովուրդը երբեք նրանց չի ների»,- ասել է Փաշինյանը:

Վարչապետի խոսքով, ՀՀԿ-ն կորցրել է ՀՀ ԱԺ-ում մեծամասնությունը և դարձել է «նորմալ ընդդիմություն»: Ընդ որում, Փաշինյանն ավելացրել է, որ ինքն այն քաղաքական գործիչներից չէ, որոնք վախենում են կորցնել իրենց պաշտոնը:

Ինչ վերաբերում է նրան, թե ո՞ւմ է երկրպագելու Փաշինյանը Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը, Փաշինյանը պատասխանել է. «Ընդհանրապես ես երկրպագում եմ Հայաստանի հավաքականին, բայց քանի որ մեր թիմը, ցավոք, չի մասնակցում այս առաջնությանը, ես բոլոր թիմերին հաջողություն եմ մաղթում»:


Կարդացեք նաև: