Ի՞նչու է հրաժարական տվել Վրաստանի վարչապետը

14.06.2018 | 11:38 | Slider, Գլխավոր Նորություններ, Տարածաշրջան

Երեկ` հունիսի 13-ին, Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ հեռանում է իր զբաղեցրած պաշտոնից:

«Ես տեսնում եմ թիմի ոգին և որոշում եմ ընդունում՝ ինչպես թիմի ցանկացած ղեկավար. այսօր ես հեռանում եմ իմ պաշտոնից»,- մասնավորապես, հայտարարել է Կվիրիկաշվիլին արտահերթ ճեպազրույցի ժամանակ:

Նշենք, որ նախօրեին կայացել է «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցության պատգամավորների հանդիպումը, որին մասնակցել են կուսակցության նախագահ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին և Կառավարության ղեկավար Կվիրիկաշվիլին:

Որպես Կվիրիկաշվիլու հրաժարականի հիմնական պատճառ նշվում են Վրաստանում աշնանը կայանալիք նախագահական ընտրությունները, որոնց հիմնական ֆավորիտը հենց Իվանիշվիլին է:

Վերջին շրջանում Վրաստանում ծայր առած բողոքի ցույցերը` կապված գիշերային ակումբների ռեյդերի և անչափահասների աղմկոտ սպանության գործով դատավարության հետ, վերածվել էին հակակառավարական ակցիաների, և Կվիրիկաշվիլիի հրաժարականը նշանակում է նաև իրավիճակի լիցքաթափում, ինչի արդյունքում «Վրացական երազանք» կուսակցության իմիջը հնարավորինս չի տուժի:


Կարդացեք նաև: