Հանդիպումներ և ակնարկներ Մոսկվայում

14.06.2018 | 10:37 | Slider, Գլխավոր Նորություններ, Քաղաքականություն

Երեկ` հունիսի 13-ին, Մոսկվայում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:

Ինչպես հայտնում են ՀՀ կառավարության մամլո ծառայությունից, կողմերը կարևորել են երկու դաշնակից պետությունների միջև կապերի շարունակական և հետևողական խորացումը, ինչը կնպաստի առևտրաշրջանառության ծավալների ավելացմանն ու տարբեր ներդրումային ծրագրերի իրականացմանը:

Իր խոսքում Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները հատուկ բնույթ են կրում:

«Ռուսաստանի և Հայաստանի միջև հատուկ հարաբերություններ են, և ես վստահ եմ, որ այդ հարաբերությունները կշարունակեն լինել յուրահատուկ, ես հույս ունեմ, որ այդ հարաբերություններն ավելի յուրահատուկ կդառնան»,- մասնավորապես, ասել է Փաշինյանը:

Վլադիմիր Պուտինը  խոսել է հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների մասին` ընդգծելով, որ Ռուսաստանը Հայաստանի թիվ մեկ գործընկերն է:

«Նախորդ տարվա ընթացքում մեր երկրների միջև առևրտրաշրջանառությունն աճել է 30 տոկոսով, իսկ այս տարի նույնպես վստահորեն աճում է, մեծ հաշվով դա տեղի է ունենում ռուսական շուկա գյուղատնտեսական մթերքների մատակարարման հաշվին»,- ասել է Պուտինը` նշելով նաև, որ դրան նպաստել է նաև Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը:

Հիշեցնենք, որ Մոսկվայում է գտնվում նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, և այսօր առաջին անգամ  Փաշինյանն ու Ալիևը միաժամանակ մասնակցելու են նույն միջազգային միջոցառմանը` Ֆուտբոլի Աշխարհի առաջնության բացման արարողությանը:

Թեև Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին տեղեկություններ չկան, այնուամենայնիվ, հարկ է նշել, որ երեկ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը Պուտինի արած որոշ հայտարարություններ հիմք են տալիս չբացառել նման հնարավորությունը:

«Դուք Մոկվայում օգտակար և հետաքրքիր ժամանակ կանցկացնեք: Հետաքրքիր, որովհետև գեղեցիկ խաղ կդիտեք, իսկ օգտակար, քանի որ մեր բազմաթիվ գործընկերներ են ժամանել այստեղ, շատ տարբեր երկրներից, և հնարավորություն կա բոլորի հետ խոսելու, ինչ-որ մեկի հետ ծանոթանալու: Եւ ԱՊՀ մեր ամենամոտ գործընկերների հետ էլ փոխանակվել ընթացիկ գործերի մասին տեղեկատվությամբ»,- մասնավորապես, Ալիևին է ասել Պուտինը:


Կարդացեք նաև: