Քաղաքապետարանի պաշտոնյաները պարտադրել են խոշոր գումարներ փոխանցել «Երևան» հիմնադրամին. ԱԱԾ

13.06.2018 | 14:38 | Հասարակություն

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում հաղորդում է ստացվել ՀՀ քաղաքացիներ Վ.Գ.-ից եւ Ա.Խ.-ից այն մասին, որ Երեւանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, կառուցապատման եւ գույքի ձեւակերպման համապատասխան թույլտվություններ տրամադրելու դիմաց, բացի օրենքով սահմանված վճարումներից, իրենց պարտադրել են «Երեւան» հիմնադրամին փոխանցել խոշոր չափերով գումարներ:

Ինչպես հայտնում են ԱԱԾ-ի մամուլի ծառայությունից, նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ վերոնշյալ պատրվակով առձեռն ստացված գումարների մի մասը հիմնադրամի հաշվեհամար չի մուտքագրվել եւ հափշտակվել է:

Հանցագործության մասին հաղորդումների հիման վրա ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ») եւ 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 կետի («Պաշտոնական դիրքն օգտագործելով կատարված խարդախություն») հատկանիշներով:

Երեւանի քաղաքապետարանի վարչական շենքում տեղակայված «Երեւան» հիմնադրամի աշխատասենյակներում քրեական գործով կատարվել են խուզարկություններ: Իրականացվում են լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ եւ քննչական գործողություններ` քաղաքացիներից գումարների հավաքագրման հանգամանքները, ծախսերի ուղղությունները եւ նպատակայնությունը, ինչպես նաեւ օրինականությունը պարզելու ուղղությամբ:

Ավելի վաղ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ տեղեկացնելով, որ Երեւանի ավագանու առաջիկա նիստում ներառվել է «Երեւան» հիմնադրամը լուծարելու հարցը: Արայիկ Հարությունյանը եւ ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանն ավելի վաղ դատի էին տվել հիմնադրամին՝ նշելով, որ այնտեղ կարող են լինել կոռուպցիոն սխեմաներ:


Կարդացեք նաև: