Օգոստոսին Հայաստանում կնշվի Խորովածի միջազգային օրը

12.06.2018 | 16:32 | Հասարակություն

Օգոստոսին Հայաստանում անցկացվելու է խորովածի միջազգային փառատոն և նշվելու է Խորովածի միջազգային օրը:

Այս մասին այսօր` հունիսի 12-ին, լրագրողների հետ զրույցում հայտնել է «Հյուսիսային դարպասներ» զբոսաշրջային նախագծի համակարգող Վազգեն Խաչիկյանը:

Ինչպես փոխանցում է «Արմենպրեսը», նախագծի նպատակն է Հայաստանն ամբողջ աշխարհում ավելի ճանաչելի դարձնելը և  զբոսաշրջությունը զարգացնելը:

«Աշխարհում միջազգայնորեն ընդունված բազմաթիվ տոներ կան, բայց չկա մի տոն, որը կապվում է խորովածի հետ, ավելին՝ միջազգային տոնացույցում չկա տոն, որն ունենա հայկական ծագում»,- ասել է Խաչիկյանը:

Նրա խոսքով` խորովածն աշխարհում միակ ուտեստն է, որն անխտիր պատրաստում են բոլոր ժողովուրդները: «Մեք հնագույն ազգերից ենք, որ ունենք խորովածի պատրաստման լավ ավանդույթներ: Մեր նախաձեռնության համաձայն` օգոստոս ամսվա նախավերջին շաբաթ օրը հռչակում ենք Խորովածի միջազգային օր և առաջարկում մարդկանց գալ Հայաստան և ճաշակել հայկական խորովածը: Նրանք, ովքեր մեր երկիր այցելելու հնարավորություն չունեն, կարող են իրենց տներում, ռեստորաններում և այլուր խորոված պատրաստել և համացանցում նշել, որ  միանում են Խորովածի միջազգայի օրվան»,- ասել է նա:


Կարդացեք նաև: