Պատմական հանդիպում Սինգապուրում. Արդյունքները դեռ հայտնի չեն

12.06.2018 | 10:20 | Slider, Աշխարհում, Գլխավոր Նորություններ, Քաղաքականություն

Այսօր` հունիսի 12-ին, Սինգապուրում տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի պատմական հանդիպումը:

Սա երկու երկրների ղեկավարների առաջին դեմ առ դեմ հանդիպումն է ողջ պատմության ընթացքում:

Այդուհանդերձ, դեռևս պարզ չեն եզակի այս բանակցությունների արդյունքները: Ենթադրվում է, որ Դոնալդ Թրամփն ու Կիմ Չեն Ընը քննարկել են հյուսիսկորեական միջուկային ծրագիրը:

Հանդիպումից հետո Ընը հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին, իսկ Թրամփը հայտարարել է, որ աշխատելով միասին` «հնարավոր է լուծում գտնել»: Բայցևայնպես, այս հանդիպման փաստը միայն լուրջ քայլ է Հյուսիսային Կորեայի միջազգային մեկուսացումը հաղթահարելու և կառուցողական բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելու համար: Հայտնի էր, որ Թրամփն ու Ընն ինչ-որ փաստաթուղթ են ստորագրել, որի բովանդակությունը, սակայն, դեռևս հայտնի չէ:

Նշենք, որ Թրամփի և Կիմ Չեն Ընի հանդիպումը կարող էր նաև չեղարկվել: Մայիսի 24-ին ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Հյուսիսային Կորեայի թշնամական հայտարարությունների պատճառով Սինգապուրում նախատեսված հանդիպումը չի կայանա, ինչից հետո, սակայն, այնուամենայնիվ, բանակցություններն անցկացնելու շուրջ պայմանավորվածություններ էին ձեռք բերվել:


Կարդացեք նաև: