ՍԴ դատավորին պետք է ընտրել անշտապ. ՀՀ նախագահը դիմել է Սահմանադրական դատարան

06.06.2018 | 15:32 | Slider, Իրավունք, Քաղաքականություն

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դիմել է Սահմանադրական դատարան` նշելով, որ ՍԴ դատավորի առաջադրման ժամկետները պետք է սահմանվեն վեց ամսվա չափով, այլ ոչ թե մեկամսյա և տասնօրյա:

«Ի կատարումն Սահմանադրության նշված պահանջի՝ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ  սահմանադրական օրենքով սահմանվել է նշված գործընթացի կազմակերպման վեցամսյա ժամկետ: Այսինքն, օրենսդիրը դիտարկել է, որ համապատասխան գործընթացը կարող է տևել ընդհուպ մինչև վեց ամիս, և այդ ժամկետը նախատեսված է այն իրավական ակտով, որը, Սահմանադրության կարգավորումներից ելնելով, կարող էր նման ժամկետ սահմանել: Սակայն «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ  սահմանադրական օրենքով նախատեսվել են մեկամսյա և տասնօրյա ժամկետներ, որոնց սահմանադրաիրավական հիմքը, ինչպես նաև անհրաժեշտության և ողջամտության հիմնավորումը մեր գնահատմամբ բացակայում է»,- ասվում է նախագահականի հայտարարությունում, որտեղ նաև նշվում է, որ Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների ընտրության և առաջադրման մանրամասները, այդ թվում` ժամկետներ սահմանված չեն, և դրանց սահմանումը սահմանադիրը հստակ վերապահել է երկու իրավական ակտերի, այն է՝ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքին և ՀՀ դատական օրենսգրքին:

Ըստ նախագահականի հայտարարության, «Ազգային ժողովի կանոնա­կարգ» ՀՀ սահմանադրական օրենքով նախատեսված խնդրո առարկա ժամկետները ոչ միայն ողջամտության խնդիր են առաջացնում, այլև  Սահմանադրությանը համապատասխանության, քանի որ Սահմանադրությամբ հստակ սահմանվել են այն իրավական ակտերը, որոնք պետք է կարգավորեին նշված մանրամասները, ինչը չէր կարող կատարվել «Ազգային ժողովի կանոնա­կարգ» ՀՀ սահմանադրական օրենքով, այլ բացառապես, ինչպես արդեն նշվեց, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքով և ՀՀ դատական օրենսգրքով:

«Այս և համապատասխան հիմնավորումներից ելնելով և ղեկավարվելով Սահմանադրությամբ ՀՀ նախագահին վերապահված լիազորություններով՝ ՀՀ նախագահն այսօր դիմել է Սահմանադրական դատարան՝ նշված իրավական ակտերի՝ Սահմանադրությանը համապատասխանությունը պարզելու նպատակով»,- ասվում է նախագահականի հայտարարության մեջ:

 


Կարդացեք նաև: