Քաղաքապետարանը «սև ցուցակում» գտնվող ընկերությանը 103 մլն դրամ է տվել մանկապարտեզներ վերանորոգելու համար

05.06.2018 | 10:07 | Slider, Գլխավոր Նորություններ, Կոռուպցիա

Երևանի քաղաքապետարանը 2018 թվականի մարտ ամսին  «Մեծ հիմք»  շինարարական ընկերության հետ 4 պայմանագիր է կնքել՝ Երևանի թիվ 9, 13, 134,  57  և 96 մանկապարտեզների վերանորոգման նպատակով։ Այս պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 103 մլն դրամ:

Ընկերությունը, սակայն, իրավունք չուներ մասնակցելու քաղաքապետարանի հայտարարած մրցույթին՝ վերջինս 2017 թվականի հուլիսի 25-ից գտնվում է պետական գնումներին մասնակցելու իրավունք չունեցող ընկերությունների ցանկում։ Քաղաքապետարանը, սակայն,  ոչ միայն թույլատրել է ընկերության մասնակցությունը, այլև գրանցված 26 ընկերություններից հեղթող է ճանաչել և պայմանագիր կնքել հենց «Մեծ հիմք»-ի հետ։

Նկատենք, որ պայմանագրերից մեկով, թիվ 9 և 13 մանկապարտեզների վերանորոգման աշխատանքները պետք է ավարտված լինեին այսօր ՝ հունիսի 5–ին: Աշխատանքների ընթացքը գնահատելու նպաակով երեկ այցելեցինք այս մանկապարտեզները, որտեղ դեռևս ընթանում էին աշխատանքներ։

Թիվ 13 մանկապարտեզի տնօրեն Ռինա Ավետիսյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ վերանորոգումը հազիվ թե ավարտվի հուլիս-օգոստոս ամիսներին, այսինքն պայմանագրից մոտ 2 ամիս ուշ։ Թիվ 9 մանկապարտեզի դեպքում հաջողվեց զրուցել շինարարներից մեկի հետ, ով ևս հայտնեց, որ դժվար թե աշխատանքները կարողանան ավարտել պայմանագրով նախատեսված ժամկետներում։

Շինարարը նաև հայտնեց, որ ընկերությունում չկան գրանցված աշխատողներ․ «լևի գործ ենք անում, երբ կուզեն կհանեն»։

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կայքում փնտրեցինք «Մեծ հիմք» կազմակերպության վճարած գումարները՝ պարզելու համար, թե քանի՞ գրանցված աշխատող ունի ընկերությունը։

Ըստ հաշվետվության, վերջին անգամ «Մեծ հիմք» ընկերությունը (ՀՎՀՀ՝ 01201774) «1000 դրամների» հարկը վճարել է 2017 թվականի հոկտեմբերին։ Գումարը կազմել է 10․000 դրամ, այսինքն ընկերությունում եղել է գրանցված 10 աշխատող։

Հոկտեմբեր ամսից մինչ օրս ընկերությունը գումար չի վճարել հիմնադրամին, ինչը նշանակում է՝ կամ ընկերությունը չունի ոչ մի աշխատող, կամ էլ դրանք գրանցված չեն հարկային դաշտում։


Կարդացեք նաև: