Իսպանիան առաջին անգամ աթեիստ վարչապետ ունի

04.06.2018 | 13:06 | Աշխարհում

Իսպանիայում վերջին օրերին տեղի ունեցող քաղաքական բուռն իրադարձություններին զուգահեռ ակտիվ քննարկվում է նաև նոր վարչապետի կերպարը և հատկապես` նրա կողմնորոշումը կրոնի հարցում:

Այն բանից հետո, երբ Իսպանիայի խորհրդարանը անվստահություն հայտնեց նախկին վարչապետ Մարիանո Ռախոյին, պատգամավորները նոր վարչապետ ընտրեցին սոցիալիստ, 40-ամյա Պեդրո Սանչեսին, որը նաև համոզված աթեիստ է: Սա առաջին անգամն է Իսպանիայի պատմության մեջ, որ խորհրդարանն անվստահություն է հայտնում գործող վարչապետին, և նաև առաջին անգամն է, որ վարչապետ է ընտրվում աթեիստ: Վերջինը, թերևս, ավելի նշանակալից իրադարձություն է, քանի որ կաթոլիկ եկեղեցին ավանդաբար հզոր դիրքեր և մեծ ազդեցություն ունի Իսպանիայում:

Հատկանշական է, որ իր երդմնակալության արարողության ժամանակ Սանչեսը չի օգտագործել Աստվածաշունչն ու խաչը:

Նշենք, որ Ռախոյին անվստահություն հայտնելու պատճառը կոռուպցիոն սկանդալն էր` կապված նրա կուսակցության ապօրինի ֆինանսավորման հետ: Սոցիալիստական կուսակցությունը զբաղեցնում է խորհրդարանի ընդամենը մեկ քառորդը, սակայն Սանչեսը կարողացել է ստանալ անհրաժեշտ աջակցությունը:


Կարդացեք նաև: