Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչո՞ւ են պահանջում վարչապետի հրաժարականը

01.06.2018 | 10:54 | Slider, Գլխավոր Նորություններ, Տարածաշրջան

Երեկ` մայիսի 31-ին, Թբիլիսիում տեղի են ունեցել բազմահազարանոց ցույցեր, որոնց ընթացքում Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլու ուղղությամբ նետվել են շշեր:

Բողոքի ցույցերը, ինչպես փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը, սկսվել են Թբիլիսիի կենտրոնում երկու դեռահասների դաժան սպանության գործով դատավճռի հրապարակումից հետո:

16-ամյա Դավիդ Սարալիձեն և Լևան Դադունաշվիլին սպանվել էին անցած տարվա դեկտեմբերի սկզբին Թբիլիսիի կենտրոնում տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ: Քննության վարկածով, դեռահասների խմբերի միջև վեճ էր ծագել սկզբում դպրոցում, այնուհետ տեղափոխվել փողոց: Դադունաշվիլին ստացված վնասվածքներից մահացել էր հենց տեղում, իսկ Սարալիձեն` երկու օր անց հիվանդանոցում:

Ամբաստանյալի աթոռին որպես կասկածյալներ հայտնվել էին երկու դեռահասներ: Դատախազությունը երկուսին մեղադրում էր Սարալիձեի խմբակային սպանության մեջ, իսկ միայն մեկին` Դադունաշվիլիի սպանության մեջ: Դատավճռի հրապարակումից հետո դատարանի շենքի մոտ աժիոտաժ սկսվեց, սպանվածներից մեկի հայրը` Զազա Սարալիձեն, որը պնդում է, որ դատախազության նախկին աշխատակիցներից մեկը կոծկում է հանցագործությունը և որ իր որդուն իրականում սպանել են չորս հոգով, շարժվեց դեպի դատախազության շենք: Այնտեղ հավաքվեցին հարյուրավոր մարդիկ` իրենց աջակցությունը հայտնելու համար:

Ավելի ուշ Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն հայտնեց իր հրաժարականի մասին` նշելով, սակայն, որ իր հասցեին հնչած բազմաթիվ մեղադրանքներն իրականում քաղաքական վրեժ են նախկին պաշտոնյաների կողմից, որոնք ստիպված են եղել պատասխան տալ օրենքի առջև իր պաշտոնավարման ընթացքում:

Չնայած գլխավոր դատախազի հրաժարականին, ցույցի մասնակիցները չցրվեցին: Արդեն երեկոյան նրանք հավաքվեցին Վրաստանի խորհրդարանի շենքի առջև, որտեղ սկսեցին հնչել քաղաքական պահանջներ, մասնավորապես, վարչապետի հրաժարականի պահանջը:

Վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլու` մարդկանց դիմելու փորձը ձախողվեց, նրան դիմավորեցին «Հեռացի՛ր» վանկարկումներում և նետվող առարկաներով, ենթադրաբար` պլաստիկ շշերով:

Ավելի ուշ ասուլիսի ժամանակ Կվիրիկաշվիլին հայտնեց, որ անչափահասների սպանության գործը փոխանցվելու է Ներքին գործերի նախարարությանը և հետաքննությունը ղեկավարելու է ներքին գործերի նախարարը` փոխվարչապետ Գեորգի Գախարիան:

Նա նաև նշեց, որ այն պահից, երբ համոզվի, որ իր հեռացումը պաշտոնից օգուտ կտա երկրին և կլիցքաթափի իրավիճակը, նա կանի դա, սակայն այս պահին դրությունը լրիվ այլ է:

Բողոքի ակցիաների կազմակերպիչները, սակայն, հայտարարել են, որ ակցիաները կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև իրենց պահանջները չիրականացվեն: Դիմելով ցուցարարներին` Սարալիձեն ասել է, որ սպասում է Կվիրիկաշվիլիի հրաժարականին:

Այսօր` ուրբաթ օրը, բողոքի ցույցերը Թբիլիսիում վերսկսվելու են:


Կարդացեք նաև: