Ֆոտոշո՞փ, թե՞ իրական տհաճ միջադեպ. Աբխազ աղջկա արկածները Հայաստանում

31.05.2018 | 16:06 | Slider, Գլխավոր Նորություններ, Տարածաշրջան

Աբխազական անձնագրում հայկական կնիք պատկանող լուսանկարը, հնարավոր է, ֆոտոշոփի արդյունք է:

Այս մասին ԱրմՌուսԻնֆոյին հայտնեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:

Հիշեցնենք, որ վերջին օրերին տեղեկություններ էին շրջանառվում, թե իբր Վրաստանից անջատված Աբխազիայի չճանաչված հանրապետության քաղաքացի ոմն Խամիդա Արջենիա ժամանել է Հայաստան, և նրա աբխազական անձնագրում հայկական օդանավակայանի կնիք են դրել:

Տեղեկությունը հիմանականում շրջանառում էր վրացական Timer.ge կայքը, որը նյութում նշում էր նաև, որ մայիսի 26-ին Վրաստան էր ժամանել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը:  Նյութում բերվում են նաև այս թեմայով շրջանառվող լուսանկարները` հայկական կնիքով աբխազական անձնագիրը և Խամիդան Հայաստանի տարբեր տեսարժան վայրերում:

 

Տիգրան Բալայանի խոսքով, սակայն, Խամիդա Արջենիան պարզաբանել է, որ Հայաստան է ժամանել Ռուսաստանի անձնագրով: «Եթե չեմ սխալվում, էդ աղջիկը ինքն էլ հայտարարեց, որ դա ֆոտոշոփ է եղել և ինքն ուղղակի փորձել է դա ցույց տալ իր ընկերներին, ֆոտոշոփով սարքել են այդ անձնագրի կնիքները և իրականում ինքը ռուսական անձնագրով է մուտք գործել և դուրս եկել Հայաստանից»,- մեզ հետ զրույցում ասաց Բալայանը, նշելով, որ ԱԱԾ-ն հնարավոր է արդեն քննություն է կատարել` ճշտելու աղջկա ինքնությունը: ԱԱԾ-ի կայքում, սակայն, սույն նյութի հրապարակման պահին այս թեմայով որևէ տեղեկատվություն չկար:

Ավելացնենք նաև, որ այս դեպքի առնչությամբ հայտարարություն են տարածել հայաստանյան մի շարք հասարակական կազմակերպություններ` կոչ անելով Հայաստանի իշխանություններին լրջորեն զբաղվել սույն միջադեպի հետաքննությամբ՝ միջադեպի ճշմարտացիությունը ստուգելու և հնարավոր մեղավորներին պատասխանատվության կանչելու նպատակով։


Կարդացեք նաև: