ՄԻՊ-ը բացայտել է կալանավորված անձանց իրավունքների խախտումներ

31.05.2018 | 11:07 | Իրավունք, Հասարակություն

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը բացահայտել է կալանավորված անձանց իրավունքների խախտումներ կապված` մերձավոր ազգականների հետ տեսակցությունների արգելման հետ:

Ինչպես նշվում է ՄԻՊ հայտարարության մեջ, նշված խախտումները բացառելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը և Արդարադատության նախարարությունը համատեղ մշակել են օրենսդրական նախագծերի փաթեթ, որը դրվել է հանրային քննարկման:

«Մասնավորապես, ներկայում կալանավորված անձի հետ մերձավոր ազգականի տեսակցությունների արգելումը նախաքննության մարմնի պրակտիկայում, որպես կանոն, չունի հիմնավորում: Կիրառվում է առանց կոնկրետ ժամկետ նշելու: Ավելին, այդ հարցով նույնիսկ որոշում չի կայացվում: Վարույթն իրականացնող մարմինը բավարարվում է քրեակատարողական հիմնարկ գրություն հասցեագրելով»,- ասվում է հայտարարության մեջ:

ՄԻՊ-ը նշում է, որ այս իրավիճակը պարունակում է կամայականության ռիսկեր և ենթակա է վերացման: Բացի դա, նշվում է, որ այդ արգելքներն առանձին դեպքերում ունենում են կալանավորված անձանց լրացուցիչ զրկանքներ պատճառելու բնույթ:

«Հստակ է, որ նախաքննության փաստն ինքնին հիմք չէ արգելելու համար կալանավորված անձի տեսակցությունը, օրինակ՝ իր երեխայի, ամուսնու կամ ծնողի հետ: Նման արգելքի ցանկացած դեպք յուրաքանչյուր պարագայում պետք է ստանա պատշաճ հիմնավորում՝ անհատական մոտեցմամբ, ինչպես նաև սահմանափակված լինի կոնկրետ ժամկետներով»,- ասվում է ՄԻՊ հայտարարությունում:

Ըստ ՄԻՊ-ի, սկզբունքային է նաև այն, որ այդպիսի որոշումները չեն կարող կայացվել քննիչի կողմից: «Յուրաքանչյուր դեպքում պետք է հաշվի առնել նաև կալանավորված անձի հոգեկան վիճակը, նրա կողմից հնարավոր ինքնավնասման կամ ինքնասպանության հավանականությունը, եթե արգելվի տեսակցությունն ընտանիքի հետ»,- հայտնում են ՄԻՊ-ից, ընդգծելով, որ պաշտպանը բարձր է գնահատում նոր ձևավորվող այս պրակտիկան Արդարադատության նախարարության հետ, որն ուղղված է համակարգային մակարդակում մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդմանը:


Կարդացեք նաև: