Նիկոլ Փաշինյանն առաջին պաշտոնական այցն է կատարել Վրաստան

30.05.2018 | 15:26 | Slider, Գլխավոր Նորություններ, Քաղաքականություն, Տարածաշրջան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր` մայիսի 30-ին, իր առաջին պաշտոնական այցով գտնվում է Թբիլիսիում: Փաշինյանի գլխավորությամբ հայկական պատվիրակության կազմում Վրաստան են մեկնել նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, պաշտպանության և արտաքին գործերի նախարարները, այլ պաշտոնյաներ:

Փաշինյանը Թբիլիսիում հանդիպել է վրաց վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլու հետ: Կողմերը, ըստ Վրաստանի կառավարության մամլո ծառայության հաղորդման, ընդգծել են երկու երկրների դարավոր եղբայրական հարաբերությունների կարևորությունը:

«Հայ-վրացական հարաբերությունները մեզ համար պատմական հիմք ունեն: Մեր ժողովուրդները կապված են խորը արմատներով, եւ այդ կապն անբաժանելի է: Դա խորհրդանշական է եւ պատահական չէ, որ իմ առաջին պաշտոնական այցը եղավ հենց Վրաստան»,- ասել է Փաշինյանը:

Նշենք, որ մայիսի 26-ին Վրաստան էր մեկնել նաև Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, որը մասնակցել էր Վրաստանի Հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումներին:

«Մեկ դար առաջ մենք գրեթե միաժամանակ ձեռք բերեցինք անկախություն եւ մի քանի օր առաջ միասին տոնեցինք այս օրը Վրաստանում՝ Հայաստանի նախագահի մասնակցությամբ: Մեզ համար, իհարկե, Հայաստանի կայունությունն ու զարգացումը շատ կարեւոր է, հետեւաբար մենք ուշադիր հետեւում ենք վերջին զարգացումներին: Հայ ժողովուրդը ցույց տվեց իր միասնականությունն ու նվիրվածությունը ժողովրդավարական սկզբունքներին, ինչը հանգեցրեց իշխանության խաղաղ փոփոխմանը»,- հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:

Ավելացնենք, որ վաղը` մայիսի 31-ին, Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Ջավախք, որտեղ հանդիպելու է հայ համայնքի ներկայացուցիչների հետ:


Կարդացեք նաև: